Դեկտեմբերի 20-ի նիստում Ղրղզստանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի ազգային դրոշը փոխելու օրինագծին: Օրինագծի նախաձեռնողներն են խորհրդարանի խոսնակ Նուրլանբեկ Շակիեւը եւ պատգամավոր Ուլան Պրիմովը: Պետական խորհրդանիշի այս տարրի փոփոխությանը աջակցել է նաեւ նախագահ Սադիր Ժապարովը։
Օրինագծով առաջարկվում է դրոշին պատկերված՝ թունդուկի (յուրտայի գագաթի) ալիքաձեւ շողերը փոխել ուղիղ շողերի։ Օրինագծի նախաձեռնողները մանրամասնել են, որ շատերը ալիքային ճառագայթները կապում են արեւածաղկի հետ, որը երկրի հիմնական գյուղատնտեսական մշակաբույսը չէ։ Ընդ որում՝ ուղիղ ճառագայթները, ըստ պատգամավորների, ավելի շատ նման են արեւի ճառագայթներին։
Սոցցանցերի ղրղզական հատվածում այս հարցի շուրջ բուռն քննարկում է ծավալվել։ Շատ օգտատերեր կտրականապես դեմ էին պետական խորհրդանիշի փոփոխությանը։