19-20-րդ դարերի Ալեքսանդրապոլի պատմամշակութային ժառանգությունը, կոլորիտն ու եզակի ոճով կառուցված շենք-շինություններն օրենքով պահպանելու նպատակով 1980 թվականին ձեւավորվել է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը:
Արգելոց-թանգարանի տարածքում՝ Գյումրու պատմական միջուկում, որպես ճարտարապետական հուշարձան հաշվառվել է 1000-ից ավելի շինություն:
«Կումայրի» արգելոց-թանգարան ՀՈԱԿ-ի տնօրեն Ինգա Ավագյանն ասում է՝ նոր հաշվառում է պետք անել: «Հուշարձան» ձեւակերպված, հաշվեկշռում գրանցված բազմաթիվ շենք-շինություններ վաղուց չկան: Դրանք քանդվել են. տարածքը գնել, նոր կառույցներ են հիմնել: Մի քանի տարվա պատմություն ունեցող այդպիսի բազմաթիվ շենքեր ինքնաբերաբար «հուշարձանի են վերածվել» ըստ փաստաթղթի, ինչը մեծ խնդիր է առաջացնում սեփականատերերի համար: Կա նաեւ հակառակ երեւույթը. խորհրդային տարիների բազմաթիվ շենք-շինություններ էլ կան, որոնք ժամանակին որպես հուշարձան չեն գրանցվել, բայց այսօր արդեն պե՛տք է հաշվառել:
Որ Գյումրու պատմական միջուկի պահպանությունը վտանգված է, մեկ անգամ կամ մեկ մասնագետ չէ, որ ահազանգում է:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագետ Սուսաննա Մկրտչյանը Գյումրի քաղաքի գլխավոր հաղթաթուղթը՝ պատմական միջուկը անարգել խեղաթյուրելու եւ անճաշակ վերաձեւակերպումներ անելու պատճառներն է թվարկում. քաղաքը չունի գլխավոր նկարիչ, գեղարվեստական խորհուրդ, դրա համար էլ ով ինչ ուզում, անում է:
«Ուշացել ենք,- ասում է տիկին Մկրտչյանը,- շուտ էր պետք սկսել: Ամենագեղեցիկ պատմական շենքի ճակատին փակցնում ես հակաէսթետիկ, հսկա, խայտաբղետ ցուցապաստառ, էլ ի՞նչ տեսնի նոր սերունդը, ի՞նչը պահպանի»: Արվեստագետը ցավով է փաստում՝ Ալեքսանդրովսկի փողոցը ո՛չ դիզայնով, ո՛չ պատմությամբ Քըրքորյանի արձանի տեղը չէ, «բարերարն իրեն ավելի լավ ու գնահատված կզգար» ի՛ր իսկ ֆինանսավորմամբ կառուցված Մուշ-2 թաղամասում:
«Կումայրի» պատմական միջուկի վերականգնման, տարածքի բարեկարգման ուղղությամբ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ունի ծրագրային առաջարկություններ։ Ըստ նրա՝ արգելոց-թանգարանը կառուցվածքային փոփոխության է պետք ենթարկել: Այն մեխանիզմը, որով աշխատում են պահպանել Կումայրու միջուկը, էլ չի աշխատում, օրենսդրական նոր փոփոխություններ ու գործելաոճ են պետք:
Ճարտարապետն առաջարկում է ստեղծել համայնքային բաց բաժնետիրական ընկերություն, որն ինքնաբավ կաշխատի եւ գումար չի պահանջի ո՛չ Կառավարությունից, ո՛չ համայնքից: Հաջորդ քայլով հարկավոր է գնահատել անշարժ հուշարձանների պետական արժեքը եւ սեփականատերերին այդ արժեքին համապատասխան բաժնետեր դարձնել: Նրանք օպետք է գույքահարկ վճարեն, այդ գումարով էլ կհամալրվի նորաստեղծ ԲԲԸ-ի հաշվեկշիռը: Քալաշյանն առաջարկում է թիմ հավաքել, գաղափարին օրենքի ձեւ տալ եւ ուղարկել օրենսդրի հաստատմանը:
ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը հավանում է Քալաշյանի առաջարկը, ասում է՝ կաջակցի նոր ԲԲԸ-ի ստեղծման հարցում: Կումայրու պատմական միջուկը միայն Գյումրիինը չի համարում, վստահեցնում է՝ այն բոլորիս հարստությունն է:
«Նոր օրենք է պետք Կումայրի արգելոցը պահպանելու համար»,- ասում է պատգամավորն ու փաստում, որ այսօր հուշարձան համարվող շենքերի պահպանության խնդիրն ենք առաջ քաշում, բայց դրանք այնպես ենք աղավաղում, որ նախնական տեսքը հիշեցնող ոչինչ չի մնում: Առուշանյանը, սակայն, միայն շենք-շինությունները պահպանելով հարցը լուծված չի համարում, օրինակ է բերում Գյումրու Ռիժկովի ճեմափողոցը, որտեղ շենքերը պահպանված են, բայց միջավայրին ոչ համահունչ կանաչապատման, կահավորման պատճառով գլխի չես ընկնի, որ տարածքն արգելոց-թանգարան է:
Թե ինչ կփոխի նոր ԲԲԸ-ի ստեղծումը, դեռ հայտնի չէ, բայց որ քաղաքի կանաչ գոտիներում եւ կենտրոնում սնկի պես աճում են մեկը մյուսից անճաշակ ու անճոռնի անգար-շինությունները, հստակ փաստ է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։