«Մենք արցունքներ ենք թափել բազմաթիվ շրջանների համար՝ Ղրիմից մինչեւ Ղարաբաղ, Բոսնիայից մինչեւ Քիրքուկ, Պաղեստինից մինչեւ Թուրքեստան, Աֆղանստանից մինչեւ Չեչնիա: […] Այսօր ոմանք Գազան պատկերացնում են իբրեւ հեռավոր մի վայր, որը մեզ հետ կապ չունի […]։ Այնուամենայնիվ, մեկ դար առաջ այս ազգի, այս երկրի համար Գազան ոչնչով չէր տարբերվում Ադանայից […]։ Գազան մեր հայրենիքի անբաժանելի մասն էր»։
Այս խոսքերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն են։ Նա դրանք հնչեցրել էր Ստամբուլում հոկտեմբերին կայացած բազմահազարանոց ցույցի ժամանակ, որը կազմակերպվել էր հաջակցություն Գազայի արաբ բնակչության՝ Իսրայելի դեմ ընթացող պատերազմի համատեքստում։ Սակայն այստեղ հարցը ո՛չ Գազայի, ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Ղրիմի, ո՛չ էլ մյուս այն շրջանների, որոնց անունները նա տվել էր, աշխարհաքաղաքական նշանակությունը չէ։ Խոսքն այս դեպքում նշյալ տարածքների՝ որպես իսլամադավան բնակչություն ունեցող շրջանների մասին է։
Հարց է առաջանում, թե Էրդողանին ինչու էր պետք նման հայտարարություններ անելը, վերջում էլ հավաստիացնելը, որ Գազան Օսմանյան կայսրության անբաժան մասն է եղել, որը մոռացության են մատնում «ոմանք»։
Պատասխանը հետեւյալն է․ Էրդողանը ձգտում է ցուցադրելու եւ հիշեցնելու, որ ներկայիս Թուրքիան բոլոր մուսուլմանների երբեմնի Օսմանյան խալիֆայության մնացորդն է, որը ներառել էր ամբողջ իսլամադավան Մերձավոր Արեւելքը եւ աջակցել իր սահմաններից դուրս՝ այլ շրջանների մուսուլման բնակչության պայքարին։ Ներկայում էլ, որպես իսլամադավան ժողովուրդների պայքարի գծին աջակցող, հերթը հասել է Գազայի արաբներին՝ ի դեմս ՀԱՄԱՍ-ի, որի մարտիկներին Էրդողանն արդեն անվանել է «մուջահիդներ», այսինքն՝ հանուն իսլամի պաշտպանության պայքարողներ։
Ավելին՝ Էրդողանը նույնիսկ փորձում է ստեղծել մուսուլմանների՝ իրենց կրոնական պատկանելիության պատճառով ճնշվածների կերպար։ Դա է վկայում նոյեմբերի 13-ի կրկին Գազայի դեպքերի վերաբերյալ նրա հետեւյալ հայտարարությունը․ «Մենք եւս մեկ անգամ ականատես եղանք, որ ՄԱԿ-ը եւ այլ միջազգային կազմակերպություններ անարդյունավետ եւ կույր են, երբ մուսուլմաններն են սպանվում»։
Սակայն Էրդողանի նման հռետորաբանությունը նորույթ չէ։ Նա նման մտքեր բազմիցս է հայտնել, որոնցից ամենահայտնին 2020 թվականի հուլիսի 24-ի ելույթն էր։ Նա այդ օրը Այա Սոֆիա տաճարին պաշտոնապես տվեց մզկիթի կարգավիճակ։ Անձամբ առաջնորդելով ուրբաթօրյա մեծ աղոթքը՝ իր քարոզչական ուղերձում երբեմնի բյուզանդական տաճարին մզկիթի կարգավիճակ տալը Էրդողանը բնութագրել էր արդարության վերականգնում, որը սպասվելու է նաեւ Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթին եւ բոլոր ճնշված մուսուլմաններին։
«Այա Սոֆիայի՝ որպես պաշտամունքի վայրի վերաբացումը նշանակում է, որ վշտի մեջ գտնվող բոլոր մզկիթները, առաջին հերթին՝ Մասջիդ ալ Աքսան, եւ երկրի վրա ճնշված հավատացյալները [մուսուլմանները] կարող են փրկություն ստանալ»,-հայտարարել էր Էրդողանը։
Թե ինչպիսին պետք է լինի «ճնշված մուսուլմանների» պաշտպանությունը, Թուրքիայի նախագահն այդպես էլ չի հստակեցրել, սակայն նրա արտգործնախարար Հաքան Ֆիդանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Իսրայելի կողմից ռազմական գործողությունների դադարեցման դեպքում Անկարան պատրաստ է ստանձնելու Պաղեստինի տարածքում խաղաղության երաշխավորումը՝ կոչ անելով դրան միանալ այլ իսլամադավան երկրներին։
Հասկանալի է, որ Էրդողանի հայտարարություններն ուղղակի չեն հնչում։ Դրանք ունեն իրենց հստակ նպատակաուղղվածությունը․ այն է՝ Պաղեստինյան հարցում ներկայության ապահովում եւ այդ հարցում մուսուլմանական երկրներին իր շուրջ համախմբում։
Սա կնպաստի բոլոր մուսուլմանների համար ամենակնճռոտ հակամարտության շուրջ կոնսոլիդացիային՝ ի դեմս Թուրքիայի, որի արդյունքում էլ կկերտվի Էրդողանի համաիսլամական լիդերի կերպարը, իսկ այս ամենը թուրքական ազդեցության գոտում ուղղակի կներառի Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթը, որը Մեքքայից եւ Մեդինայից հետո երրորդ սրբավայրն է մուսուլմանների համար։
Այնուամենայնիվ, վերոգրյալը իսլամական աշխարհում Էրդողանի լիդերության ձգտումների միայն մի փոքր մասն է, որոնք կրկնակի արտահայտիչ տեսք են ստացել վերջին շաբաթներին։ Եթե մի փոքր հետ գնանք եւ հասնենք մայիսի 14-ին կայացած Թուրքիայի նախագահական ընտրությունների նախօրե, ապա նկատելի կլինի, թե ինչպես են Էրդողանից մուսուլմաններին աջակցողի կերպար կերտել շուրջ 55 մուսուլման հեղինակավոր աստվածաբաններ եւ իսլամական օրենքների գիտակ համարվող իրավաբաններ։
Այս մարդիկ ընտրություններից ուղիղ 4 օր առաջ հրապարակել էին մի ֆեթվա (կամ ֆաթվա — իսլամական կրոնաիրավական որոշում՝ կայացված բարձրագույն հոգեւոր հեղինակություն ունեցող անձի կողմից), որտեղ գովերգում էին Թուրքիայի նախագահի՝ իսլամական աշխարհին ցուցաբերած «օգուտները» եւ կոչ անում ընտրություններին քվեարկել նրա օգտին։
Հատկանշական է, որ այդ «օգուտների» շարքում ներկայացված են նաեւ Թուրքիայի կողմից իսլամադավան Լիբիա եւ Սիրիա կատարած ռազմական ներխուժումները, 2017 թվականին Կատարին ցուցաբերած տնտեսական ու ֆինանսական աջակցությունը եւ 2020 թվականին Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի իշխանություններին ցուցաբերած ռազմատեխնիկական եւ քաղաքական աջակցությունը:
Սակայն Էրդողանի համաիսլամական լիդերի իմիջը կիսատ կմնար, եթե պետական եւ կրոնական քարոզչությունը դրան չավելացներ հենց թուրքական բանակի՝ որպես իսլամի պաշտպանի պատկերը։
Օրինակ՝ 2018 թվականի փետրվարին, երբ թուրքական բանակը ներխուժել էր Սիրիայի հյուսիսային Աֆրինի շրջան՝ քրդերի դեմ գործողությունների համար, երկրի հոգեւոր ղեկավարությունը զինվորականների ներկայությամբ կատարած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել էր․ «Ջիհադի ամենաբարձր մակարդակը զինված պայքարն է հանուն հավատքի, գոյության, հայրենիքի, շարունակականության եւ ազատության: Այն պայքարը, որ մենք տարել ենք որպես ազգ Արեւելքում, Արեւմուտքում, Հյուսիսում եւ Հարավում՝ այս պատվաբեր հայրենիքը պաշտպանելու համար, ջիհադի ամենավառ վկայությունն է»։
2020 թվականին այդ քարոզչությանը միացել էր անձամբ Էրդողանը։ Նոյեմբերին` Արցախում 44 օրյա պատերազմից օրեր անց, դիմելով թուրք հատուկջոկատայիններին, նա ասել էր․ «Թող ձեր ղազան [նույնն է, ինչ ջիհադը] օրհնյալ լինի, ճանապարհները՝ բաց, կրակոցները՝ դիպուկ, սրտերը՝ թեթեւ, հաղթանակները՝ առատ։ Ալլահը ձեզ օգնական»։
Իհարկե, այս ամենը զուտ իսլամական աշխարհում լիդերության ձգտման ճանապարհին կատարված քայլեր են: Քայլեր, որոնք զուգորդվում են Թուրքիայի որդեգրած, այսպես կոչված, «նոր օսմանականության» (նեոօսմանիզմ) եւ «համաթուրանականության» (պանթուրանիզմ) քաղաքականության հետ։ Սակայն եթե քաղաքական այս երկու գծերն ունեն հստակ տեղային բնույթ եւ միտված են Թուրքիայի շուրջը հավաքելու նախկին Օսմանայան կայսրության գոնե մերձավորարեւելյան տարածքները կամ թյուրք էթնոսով բնակեցված շրջանները, ապա համաիսլամական լիդերության պարագայում Էրդողանի ձգտումները ներառելու են ամբողջ իսլամական աշխարհը՝ անկախ էթնիկ պատկերից ու սահմաններից։
Բայց դժվար է այս համատեքստում անգամ պատկերացնել, թե ինչպես է Թուրքիան պատրաստվում պայքարելու կամ լավագույն դեպքում շրջանցելու գլխավոր ախոյան Սաուդյան Արաբիային: Մի երկիր, որի թագավորն արդեն իսկ ունի «Երկու սուրբ վայրերի [Մեքքայի եւ Մեդինայի] պահապանի» տիտղոսը: Իսկ երեւակայությունից արդեն դուրս է մնում մուսուլման արաբների մեծամասնության սրտերի նվաճման հավանականությունը, քանի որ արաբ ժողովրդի հիշողության մեջ դեռ թարմ են օսմանյան շրջանի վայրագությունները:
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։