Փակ փողոցներ, ոստիկանական զորք, ապօրինի իշխանափոխություն, դրա դեմ պայքարող տասնյակ քաղաքացիներ․ Ալավերդին է՝ երկու շաբաթ առաջ։
Կատարվածից քաղաքը դեռ ուշքի չի եկել․ մարդիկ ամենուր «լավ աշխատող» նախկին համայնքապետից են խոսում, դատապարտում ավագանու՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հակաժողովրդական վարքագիծը, քննարկում կադրային փոփոխությունները ՏԻՄ-ում եւ փորձում հասկանալ՝ ինչու այսպես եղավ։ Ավելի ճիշտ՝ ինչու ՔՊ-ն այսպես վարվեց։
Ալավերդու հանրությանն առավել վիրավորել է դեկտեմբերի 5-ին եւ 8-ին հարյուրավոր ոստիկանների ներկայությունը քաղաքում։ Նաեւ այն փաստը, որ մեկ տարի առաջ, ՏԻՄ ընտրություններին մասնակցելով, իրենք համայնքապետի պաշտոնում չեն տեսել Շնողի նախկին համայնքապետ, ներկայում Ալավերդին ղեկավարող Դավիթ Ղումաշյանին։
Մեկ տարի առաջ ալավերդցիներն ընտրության են գնացել՝ վստահ լինելով, որ համայնքապետը կա՛մ «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակը գլխավորող Արեն Մկրտչյանն է լինելու, կա՛մ էլ Արկադի Թամազյանը՝ «Ապրելու երկրից»։
Ալավերդու բնակիչ, պատմության եւ աշխարհագրության ուսուցիչ Էդուարդ Շահվերդյանն օրեր առաջ Ալավերդիում կատարվածը պետության կայացման դեմ քայլ է համարում, որովհետեւ նույն սցենարով ՔՊ-ն իշխանությունը զավթել է նաեւ Հայաստանի մի շարք այլ համայնքներում։
Շահվերդյանը հիշում է 2003-ին խորհրդարանական եւ 2005-ին քաղաքապետի ընտրություններն Ալավերդիում, երբ նախընտրական թեժ պայքարի պայմաններում ալավերդցիների մեծամասնությունն իր ձայնը տվել է ոչ իշխանական ուժին։ Նույնը եղել է նախորդ տարի սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում։
«2003-ին իշխանությունն ուզում էր, որ պատգամավոր ընտրվի Քոչինյան Հենրիկը (Լոռու նախկին մարզպետը – հեղ․), բայց ալավերդցիները միաձայն ընտրեցին բժիշկ Համլետ Թամազյանին։ Երկրորդ անգամը քաղաքապետի ընտրություն էր, Արթուր Նալբանդյան (Ալավերդու էլցանցի նախկին պետը – հեղ․) եւ Էդուարդ Շարմազանով կռվանի ժամանակ, նորից ալավերդցիներն իրենց խոսքը հաստատեցին եւ ընտրեցին ոչ իշխանական թեկնածուին։ Նախորդ երկուսի ժամանակ իշխանությունը չմիջամտեց։ Հիմա էս սրիկաներն ասում են՝ նախկինները։ Երկու անգամ ալավերդցին նման բան է տեսել, բայց ոչ մի անգամ էսպես բիրտ, անմարդկային, խունտայական միջամտություններով, ավտոբուսներով ոստիկան չեն բերել, լցրել քաղաք։ Ալավերդին չի տեսել ճիզվիտական էն ձեւերը, որ արեցին էս վերջին օրերին։ Հիմա շահեցի՞ն։ Էլի կլինի ընտրություն, ժողովուրդը սա հիշեցնելու է իրենց»,- վրդովված ասում է Շահվերդյանը, ապա նշում՝ սա մի նզովք էր, որ իջավ մեր գլխին։
Ի դեպ, մեկ տարի առաջ 28 բնակավայր միավորող Ալավերդու ՏԻՄ ընտրություններում Էդուարդ Շահվերդյանն իր քվեն տվել է «Ապրելու երկիր» կուսակցությանը։ Ասում է՝ ոչ թե նրանց արած լավ գործերի, այլ «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության գալը խոչընդոտելու համար․ 2018-ից սկսած՝ այս կուսակցությունը միայն խոստումներ է տալիս եւ չարիք բերում ժողովրդին։
Նախկին լրագրող, «ՀԵԲԱ» հասարակական կազմակերպության նախագահ Մարիաննա Պեպանյանը համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթացը, առանց ժողովրդի կարծիքը հարցնելու, առնվազն անընդունելի է համարում։ Իշխանափոխություն պետք է լինի ժողովրդի պահանջով։ Եթե այդպես չէ, ուրեմն այն ոչ թե համայնքի, այլ քաղաքական շահին է ծառայում։
Մարիաննան հենց այս տարակարծության պատճառով է դեռեւս հոկտեմբերին լքել Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացից առաջ։
«Այս իրավիճակում ժողովրդին որեւէ մեկը չէր հարցրել՝ նման փոփոխություն է լինելու, դուք կուզե՞ք, թե՞ ոչ։ Պետք է լինեին նոր ընտրություններ, եւ ժողովուրդը պիտի ընտրեր, թե ում է ուզում տեսնել իր համայնքի ղեկավարման աշխատանքները կատարողի դերում։ Ես չեմ պատկերացնում մի իշխանություն, որ ընտրվելով ժողովրդի կողմից՝ չի փորձում խոսել ժողովրդի հետ։ Հիմա այդ օրը թույլ չտալ քաղաքացիներին ներկա լինել կամ հարցեր տալ, չհանդիպել նրանց հետ, սա ապտակ էր ժողովրդավարությանը։ Մենք 2018 թվականից հետո ասում ենք՝ երկիրը ժողովրդավար է, բայց օրենքի տարրական պահանջ չենք կատարում։ Եթե լավ գործ է արվում, զգուշանալու կարիք չի լինի, մարդիկ միանշանակ կգնահատեն դա»,- ասում է Մարիաննան՝ նկատի ունենալով ավագանու երկու նիստերին ոստիկանական ուժերի կենտրոնացումն Ալավերդիում, մասնավորապես՝ համայնքապետարանի շրջակայքում ու շենքում։
Այն, որ երկիրը ժողովրդավար չէ, եւ օրենքի տարրական պահանջները չեն կատարվում, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» շատ լավ գիտի։ Գիտի նաեւ, թե ինչի կարող է հանգեցնել ժողովրդի ցասումը, երբ բացահայտ ոտնահարվում է արդարությունը։ Այլապես հարյուրավոր ոստիկանների Ալավերդի չէին բերի՝ պնդելով իրենց իսկ հորինած սուտը, թե համայնքապետարանի բակում հավաքված ցուցարարները Ալավերդու բնակիչներ չէին, այլ Երեւանից, Փարաքարից, Նոյեմբերյանից եւ այլ վայրերից եկած քաղաքացիներ։ Եվ որ իրենց հաջողվել է կանխել բախումը։
Կարդացեք նաեւԱլավերդին այսպիսի բան չէր տեսել |
«Երկու շաբաթ առաջ Ալավերդիում կատարվածը ապտակ էր ժողովրդին»․ այս միտքը քաղաքում հիմա շատերն են արտահայտում։ Անկախ քաղաքական հայացքներից՝ ալավերդցիները հուսահատ են։ Իսկ «Երեւանից, Փարաքարից եւ Նոյեմբերյանից եկածները» պետք է, որ հեռացած լինեն քաղաքից։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։