Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչները չեն հիշում, թե վերջին անգամ գյուղում երբ է նման ակտիվություն եղել։ Մայիսի 14-ին կայանալու էին գյուղի հարեւանությամբ բազմամետաղային հանքային դաշտի տեղամասում 2021-2024 թվականներին նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներ, սակայն ուռուտցիները թույլ չտվեցին:
Նրանք համաձայն չեն, որ հանքը շահագործվի, քանի որ տարածքը մոտ է, իրենց հողատարածքները քիչ են, խոտհարքների ու արոտավայրերի խնդիր ունեն։ «Արմանիսը որ բացել էին, անձրեւի ժամանակ այստեղ երկու օր ավտոմեքենայի վրայից կեղտը հնարավոր չէր լինում մաքրել, նույն բանն այստեղ է լինելու»,- նշում է գյուղացիներից մեկը, մյուսն էլ ավելացնում, որ իրենց համար կարեւորը առողջությունն է։
Ըստ «ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ընկերության խորհրդատու երկրաբանի՝ առայժմ շահագործման մասին խոսք չի գնում, ընդամենն ուզում են ուսումնասիրություն իրականացնել: «Մեր ունեցած նախնական տվյալներով գիտենք, որ ինչ-որ բան կա, բայց թե ինչ քանակությամբ, մինչեւ չուսումնասիրեմ, հորատում չանեմ, ինչպե՞ս կարող եմ ասել։ Կովը մինչեւ չկթեք, ի՞նչ կիմանաք՝ ինչքան կաթ է տալիս»,- պարզաբանում է երկրաբան-խորհրդատու Գառնիկ Քառյանը։
Գյուղացիները համոզված են, որ հետախուզական աշխատանքներին հաջորդելու է շահագործումը: Երկրաբանը պնդում է, որ դա պարտադիր պայման չէ, եւ մեջբերում մեկ այլ ընկերության հետ համագործակցության իր փորձը․ «Տարածքում շատ լավ պղնձի հանք կա, երեւի միլիոն տոննա պաշարով, ընկերությունը, որտեղ աշխատում էի, չցանկացավ շահագործել»։ «Ինչո՞ւ, բնակավայրերի տարածքո՞ւմ էր»,- հետաքրքրվեցի։ «Ո՛չ, ամայի տարածք էր,- պատասխանեց զրուցակիցս,- ընդամենը մեկ ալոճի ծառ կար։ Հաշվի առնելով երկրում տիրող դրությունը՝ ուղղակի չցանկացան շահագործել: Կարագ վաճառելով զենք չես գնի»։
Հարցին, թե ինչու մինչեւ հիմա անհրաժեշտ զենք չի գնվել հանրապետության մյուս հանքավայրերից ստացված շահույթով, նա խորհուրդ տվեց հարցը կառավարությանն ուղղել, ապա պարզաբանեց, որ արտասահմանյան կամ այս դեպքում համատեղ ընկերությունը, որպես կանոն, պայմանագիր է կնքում կառավարության հետ, եւ որոշվում է՝ շահույթի որ տոկոսը մնա պետությանը, որն արտահանվի։
Ուռուտցիները զբաղվում են անասնապահությամբ ու դաշտավարությամբ, վերջին տարիներին ավելացրել են ցանքատարածությունները: Պանրի գործարանների առկայության եւ ընդլայնման շնորհիվ կայուն է կաթի մթերման գինը: Մինչդեռ հանքը բացասաբար կանդրադառնա գյուղի բնականոն կյանքի, առավել եւս գյուղատնտեսության ու բնակիչների առողջության վրա:
«Մեր գյուղի համար ավելի կարեւոր է, որ գյուղացիները ցանում են, հնձում, մշակում, ապրում։ Որ հանք բացեն, առանց այն էլ տեղ չկա կովերին արածեցնելու»,- նշում են գյուղի երիտասարդները եւ հավելում, որ ամբողջ գյուղով դեմ են, չեն էլ ցանկանում լսել, թող այս պահից փակեն հարցը, ու հանքի մասին ընդհանրապես խոսակցություն չլինի։
Բնակավայրի վարչական ղեկավարին այլ բան չէր մնում, քան համաձայնել համագյուղացիների հետ: «Չեն ցանկանում, որ հետազոտություն լինի: Հնարավոր է՝ վաղը, մյուս օրը հանքը շահագործվի. դեմ եղան, քննարկումը չեղավ: Եթե իրենք դեմ են, ես էլ իրենց կողքին եմ»,- ասում է Ուռուտի վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանը։
Մեկ ամիս առաջ նույն այս վայրում տեղի են ունեցել մեկ այլ՝ «Նեյչրլ Ռեսուրսիզ» ընկերության նախաձեռնած հանրային լսումները: Բնակիչներն իրազեկվել են նույն ձեւով, ինչ այս անգամ. եկել, մասնակցել են, լսել ընկերության ներկայացուցիչներին: Վարչական ղեկավարն ասում է՝ հայտարարությունը փակցված է եղել, շուրջ քսան հոգի հավաքվել է, ընկերությունն էլ պահանջել է, որ հողատերերը ներկա լինեն, քանի որ հնարավոր է նրանց հողերին վնաս տան, եւ տեղեկացրել, որ հատուցում կտան։
«ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ընկերության ներկայացուցիչների կարծիքով գյուղացիներին ուղղորդել են կա՛մ բնապահպան ակտիվիստները, կա՛մ Ուռուտի ընդերքով հետաքրքրված մյուս ընկերության ներկայացուցիչները:
Համայնքում կայանալիք հանրային լսումների, ոլորտի օրենսդրության, լսումների անցկացման ընթացակարգի վերաբերյալ իրազեկում իրականացրած Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի կարծիքով հավանաբար կազմակերպիչները նախորդների նման ցանկացել են, որ բնակիչներն անտեղյակ մասնակցեն, մի տասը հոգի ներկա գտնվի, ամեն ինչ հարթ ընթանա, ուստի ասում են, որ ուղղորդում է եղել։
«Համայնքի բնակիչներն անգամ իրազեկված չեն եղել, որ իրենք պետք է որոշեն՝ այս գործընթացները համայնքում ընթանան, թե ոչ։ Եթե հանրությանը իրենց իրավունքների մասին իրազեկումն ուղղորդում են համարում, ապա, այո՛, իրազեկումն ուղղորդված է եղել»,- ասում է Դուլգարյանը։
Ուռուտցիները հայտարարեցին, որ այսուհետ հանրային ոչ մի լսում թույլ չեն տա, անկախ նրանից՝ նախաձեռնողն ով է, ուստի լավ կլինի իրենց գյուղի ճանապարհը մոռանան բոլոր հանքարդյունաբերողները։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։