Այսուհետեւ առանց պետական գրանցման տունը վարձով տալու դեպքում սեփականատերերը կտուգանվեն։ Օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 1-ից։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) «Ալիք Մեդիային» հայտնել են, որ ամսվա աշխատանքային առաջին տասն օրերի ընթացքում ամբողջ հանրապետությունում արդեն իսկ 2000-ից ավելի դիմում է ստացվել։
ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 3 գրասենյակի պետ Իննա Հախումյանը, մեզ հետ զրույցում ներկայացնելով գործընթացը, նշում է, որ եթե առկա է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որն ունի պետական գրանցում, սեփականատերը հաշվառվում է հարկային մարմնում, ստանում է հարկ վճարողի հաշվառման համար: Տվյալ տարին ավարտվելուց հետո մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը նա ներկայացնում է եկամտային հարկի հաշվարկն ու վճարում հարկերը։
Եթե վարձակալական գործարքի հետ կապված օրենքով սահմանված պահանջները չկատարվեն, վարձակալական գործընթացը չի ունենա պետական գրանցում, կամ եթե ներկայացված չլինի հայտարարություն, ապա կկիրառվի տուգանք։
«Տուգանքի չափը սահմանվում է տվյալ գույքի կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Եթե տվյալ խախտումը մեկ տարվա ընթացքում եւս մեկ անգամ բացահայտվի, ապա տուգանքի չափն արդեն կլինի կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը»,- մանրամասնում է Հախումյանը՝ նշելով, թե դիմումների հոսքը բավականին մեծ է։
Անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովն այս փոփոխությունը դրական է գնահատում։ Ասում է՝ եղել են օրենքներ, որոնք միայն թղթի վրա էին․ շուկան չէր կարգավորվում՝ հանգեցնելով բազմաթիվ խնդիրների։ Դա հատկապես տեսանելի է եղել, երբ մարդկանց մեծ հոսք է եղել։
«Վերջին տարիներին ունեցել ենք աննախադեպ իրավիճակներ, օրինակ՝ ՌԴ-ից մեծ հոսք, Արցախից հոսք։ Շատ տարածված խնդիր էր, երբ սեփականատերերն իրենց տան վարձակալներին հանում էին, տներն ավելի բարձր արժեքով վարձակալության հանձնում այլ մարդու։ Բնականաբար բազմաթիվ քաղաքացիների շրջանում դժգոհություններ էին առաջանում, որ պետությունը որեւէ քայլ չի անում, մինչդեռ լծակ չկար։ Պետությունը ոչինչ չի կարող անել, եթե այդ անձանց հարաբերությունները իրավական կարգավորում չունեն»,- նշում է Հարությունովը։
Սա, ըստ մեր զրուցակցի, նաեւ վարձակալներին կազատի ամեն պահի բնակարանն ազատելու պահանջի առջեւ կանգնելուց, քանի որ հարաբերությունները կկարգավորվեն ըստ փաստաթղթային պայմանավորվածության։
Փորձագետը կարծում է, որ ժամանակի ընթացքում երեւան կգան նաեւ թաքցրած դեպքերը, եթե վարձատուն գիտակցի, որ պայմանագրի կնքման դեպքում ինքը ոչ միայն հարկ է վճարում, այլեւ երաշխիքներ է ձեռք բերում։
«Երբ վարձակալության պայմանավորվածությունները միջանձնային դաշտում են, վարձակալի ձեռքում «հաղթաթուղթ» կա։ Որեւէ խնդրի, չհասկացվածության դեպքում կարող է վարձատուին ասել, որ նա հարկային դաշտում չէ։ Կամ գույքի վնասման, հրդեհի, այլ արտակարգ իրավիճակի դեպքում վարձատուն ինչպե՞ս է պահանջելու վերականգնում։ Ինքն էլ չի կարողանա դիմել պատկան մարմիններին, որովհետեւ հարկ է թաքցրել»,- մեկնաբանում է Հարությունովը։
Քաղաքացիների շրջանում դիտարկումներ կան, որ հարկը, միեւնույնն է, վարձակալի «գրպանից» է գնալու։ Որոշումը հանգեցնելու է բնակարանների վարձակալության գների բարձրացման։ Հարությունովի կարծիքով՝ այդ հարցը շուկայի դաշտում է։
«Եթե, օրինակ, անձը պատրաստվում է 200 հազար դրամով բնակարան վարձակալելու, վարձատուն էլ արժեքը բարձրացնի 10 տոկոսի չափով, վարձակալը պարզապես կարող է հրաժարվել, այլ բնակարան ընտրել»։
Դրանից բացի՝ արդյունքները ցույց կտան, թե օրենքում ինչպիսի լրացումների անհրաժեշտություն կա։ Փորձագետն ասում է՝ կարող է, օրինակ, որոշվել, որ վարձատուն չի կարող երկու տարվա մեջ կոնկրետ չափից ավելի բարձրացնել վարձակալության արժեքը։
Հարությունովը նշում է նաեւ պետական բյուջեի հոսքերի էական ավելացման մասին․ մոտավոր հաշվարկներով՝ օրենքի հետեւողական կիրառման դեպքում տարեկան մոտավորապես 50-100 մլն դոլարի հարկային մուտք է լինելու։ Իննա Հախումյանն էլ ասում է՝ օրենքը գործել է վաղուց, սակայն այն դեպքերում, երբ չկար պետական գրանցում, այդ հարկը չէր վճարվում։
Ցուցանիշները կարձանագրեն հետագա ուսումնասիրությունները։ Պատասխանատուները կարծում են, որ հաշվի առնելով նաեւ առկա հոսքը՝ վարձակալական գործարքների մեծ մասը կհայտարարագրվի։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: