Ես բնակվում էի Հադրութի շրջանի Թաղոտ գյուղում։ Իմ գյուղի բնությունն ամենագեղեցիկն էր։ Մեր գյուղը պատված էր գեղեցիկ անտառներով, սարերով։ Ես շատ եմ կարոտում իմ տունը եւ իմ ընկերներին։
Սեպտեմբերի 27․․․ ամենադաժան ու անմոռանալի առավոտը։ Այդ օրը փոխեց իմ կյանքում ամեն ինչ։ Կարոտով եմ հիշում իմ ամեն մի օրը, ամեն մի րոպեն։ Կարոտով եմ հիշում, երբ ամեն առավոտ, իրար կանչելով, գնում էինք մեր կիսաքանդ, բայց ջերմությամբ լցված կրթօջախը։ Դասերից հետո հավաքվում եւ տարբեր խաղեր էինք խաղում մեր բակում։ Խաղերը մնացին մեր հուշերում․․․
Գյուղի հյուսիսարեւմտյան բլրալանջին է գտնվում 1896 թվականին կառուցված Ս․ Հովհաննես եկեղեցին։ Եկեղեցին կառուցված է կոպտատաշ քարերով եւ կրաշաղախով։ Ամեն կիրակի մենք ընկերներով գնում էինք մեր սրբավայրը։
Գեղեցիկ էր գյուղս, նույնիսկ գիշերով։ Ի՜նչ սիրով ու հաճույքով էինք քայլում գիշերային լույսերի ներքո։
Արդեն գարուն է։ Մտովի հասնում եմ իմ ծննդավայրը, պատկերացնում, թե ինչպես են ծառերը ծաղկում, թռչունները դայլայլում, գետակները քչքչում, բայց գիտեմ, որ տխուր է գյուղս, խղճուկ, հիասթափված․․․
Կներես մեզ, մեր սիրելի ու անմոռանալի՛ գյուղ, գիտեմ՝ դու վիրավոր ես, վիրավոր՝ այդ բորենիների հարվածներից, մենք քեզ չենք լքել, մենք քեզ չենք թողել, մեզ, ինչպես եւ քեզ, դավաճանել են։ Հուսով եմ, որ մի օր հետ կգանք եւ կվիրակապենք քեզ, եւ դու նորից շունչ կառնես մեր ներկայությունից։
Մենք նորից կշենացնենք մեր գյուղը, մեր հայրենիքը, մեր Հադրութն ու Թաղոտը, որը դարեր ի վեր եղել է, կա ու կլինի հայկական։
Հադրութի շրջան, գ․ Թաղոտ, 5-րդ դասարան
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը, Ալիք Մեդիան եւ «Անալիտիկոն» հանդեսը դիմել են Արցախի Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ երեխաների՝ առաջարկելով շարադրել հայրենի բնակավայրերի մասին իրենց հուշերն ու վերապրումները։ Ալիք Մեդիան ամենօրյա պարբերականությամբ կհրապարակի հադրութցի երեխաների շարադրությունները։ Հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ խրախուսական նվերներով։