Ռուսաստանն ու Հայաստանը նոր համաձայնագրեր են քննարկում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Դրա մասին դեկտեմբերի 22-ին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանը նշել է, որ թեեւ պաշտպանական պետպատվերի կատարման գծով ՌԴ ձեռնարկությունների պարտավորությունների առնչությամբ հարցեր կան, բայց դրանք աշխատանքային են, որոնք լուծվում են Ռուսաստանի եւ Հայաստանի ճյուղային գերատեսչությունների երկխոսության միջոցով:
ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասով գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են որակով եւ ժամանակին։ Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը վաղեմի ավանդույթ ունի եւ հիմնված է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին երկու երկրների միջեւ 2013-ի հունիսի 25-ի պայմանագրի վրա։
Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն եւ ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 միլիոն դոլարի մասին է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարել էր, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։