Մսավաճառներն ու մսագործները դեկտեմբերի 22-ին բողոքի ակցիա են արել Շիրակի մարզպետարանի մոտ։ Երեւանում էլ բողոքի ակցիա են կազմակերպել ձկնաբույծները:
Մսավաճառների ու մսագործների բողոքի առարկան մորթը սպանդանոցում անելու պարտադրանքն է։ Ձկնաբույծները բողոքի ակցիա էին կազմակերպել նաեւ դեկտեմբերի 11-ին՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից պահանջելով հետաձգել Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագծի ընդունումը:
Ըստ այդ նախագծի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
Դեկտեմբերի 22-ին ձկնաբույծները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ արտեզյան ջրի կորուստների վերաբերյալ իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար։ Ցուցարարները պնդում են, որ պետք է փակել ապօրինի գործող հորատանցքերը եւ ձկնաբուծական տնտեսությունների համար պետք է ներդնել ջրի խնայողության համակարգեր:
Ձկնաբուծության ներկայացուցիչների տվյալներով՝ 700 ստորգետնյա հորեր կան, որոնք ապօրինի են օգտագործվում։ Նրանց կարծիքով՝ գերատեսչությունը աչք է փակում այս փաստի վրա, թեեւ դա հանգեցնում է ջրային ռեսուրսների մեծ կորուստների։
Ինչ վերաբերում է մսավաճառների ու մսագործների բողոքին, նրանք վրդովել են, որ դեկտեմբերի 6-ից ՀՀ-ում արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման ցանկացած հումքի եւ մթերքի իրացումը, իսկ հայտնաբերվելու դեպքում ամբողջ խմբաքանակն առգրավվելու եւ ոչնչացվելու է։
Ակցիայի մասնակիցները նշել են, որ նման պարագայում լավագույն եղանակը լիցենզավորված սպանդանոցային մորթն է, սակայն Գյումրու մոտակա սպանդանոցը 40 կմ հեռավորության վրա է, մարզի հյուսիսային գյուղերից՝ 80-90 կմ հեռու։ Մսավաճառներն ու մսագործներն իրենց բողոքը ներկայացրել են մարզպետին: