Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանն ասում է՝ Վերին Շորժայի հայ-ադրբեջանական սահմանագոտում ոչ ոք շրջափակման մեջ չի ընկել:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ֆեյսբուքյան իր էջում հղում անելով տելեգրամյան ալիքներից մեկին, գրել էր, թե հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում մոտ երկու տասնյակ մարդ մնացել է ադրբեջանցիների շրջափակման մեջ:
«Վերին Շորժայի մոտ ազերիների առաջխաղացման արդյունքում հայկական երկու պոստ, հետեւելով Նիկոլ Փաշինյանի հորդորներին, չեն կրակել եւ հայտնվել են շրջափակման մեջ։ Ազերիները թույլ չեն տալիս նրանց սնունդ տանեն՝ պահանջելով, որ լքեն պոստերն ու փախնեն, այլապես գերի կվերցնեն։ Նրանք 20 հոգի են»,- գրել էր նախկին վարչապետը:
«Ես գիտեմ, թե դուք ինչ լուրի մասին եք հարցնում, մենք քիչ առաջ հենց այդ տեղանքում ենք եղել, տղերքը ազատ պտտվում են, որեւէ նման բան չկա: Պարզապես այդ տեղանքը սլաքի նման մխրճված է հակառակ կողմում, սահմանը զիգզագ է, եւ տպավորություն է թողել, որ մեր տղաներն ընկել են շրջափակման մեջ»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը:
Վերջինս նաեւ փոխանցեց, որ իրենց հետ այդ վայրում է եղել նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ինչը հաստատեցին ՄԻՊ-ի գրասենյակից՝ հավելելով. «Բայց այն հատվածներում, որտեղ եղել ենք, նման հարց չի բարձրացվել»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը մայիսի 12-ից խախտել է Հայաստանի սահմանը թե՛ Սյունիքի մարզի Սեւ լճի, թե՛ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածներում: Ադրբեջանի այդ ոտնձգությանը հակազդելու համար Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին: Բացի այդ՝ ռուսական կողմի մասնակցությամբ բանակցություններ են ընթանում Սյունիքում: