Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱՀԱԼ-ի օդուժը, ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին պատկանող զենքի պահեստ եւ մի քանի գրոհայինների։ Ավելի վաղ Գազայի հյուսիսային հատվածում՝ Հան-Յունեսայում, սպանվել էր ՀԱՄԱՍ-ի 3 գրոհային։
ՑԱՀԱԼ-ի ավիհարվածներից Գազայի Ջեբալիա տեղանքում փլուզվել է բարձրահարկ շենք, որտեղ իսրայելական բանակի պնդմամբ, տեղակայված է եղել ՀԱՄԱՍ-ի գրասենյակը եւ ռազմական հետախուզության սարքավորումները:
Փլուզված «Ալ Ջալա» շենքում տեղակայված էին նաեւ միջազգային զանգվածային լրատվամիջոցների մի քանի խմբագրություններ, դրանց թվում Associated Press-ի եւ Al Jazeera հեռուստաալիքի գրասենյակները։
Ավիահարվածի պահին օպերատորներն արձանագրել են շենքի փլուզման կադրերը: Իսրայելը հաստատել է, որ հարվածել է շենքի ուղղությամբ: Վիրավորների եւ զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀԱՄԱՍ-ը մշտապես թիրախավորում է քաղաքացիներին ու քաղաքացիական օբյեկտները։ ՑԱՀԱԼ-ը, իր սկզբունքի համաձայն, շենքում գտնվող քաղաքացիական անձանց նախապես զգուշացրել է սպասվող ավիահարվածի մասին, որպեսզի մարդիկ ժամանակին հասցնեն հեռանալ շենքից։
Գազայի հատվածից Իսրայելի բնակավայրերի ուղղությամբ արձակվել է արդեն ավելի քան 200 հրթիռ:
Ընդհանուր առմամբ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրացումներից մահացել է ավելի քան 130 մարդ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ վերջին 4 օրերին իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ բախումների հետեւանքով Գազայի հատվածում զոհվել է 34, Իսրայելում՝ 2 երեխա։