Փարիզում լայնածավալ բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ Ֆրանսիայում միգրացիոն կանոնները խստացնող նոր օրենքի։ Ուրբաթ հարյուրավոր ներգաղթյալներ, հիմնականում աֆրիկյան երկրներից, դուրս են եկել Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներ՝ արտահայտելու իրենց դժգոհությունը օրինագծի վերաբերյալ։
Միգրացիոն քաղաքականության խստացման նոր օրենքը, որը հայտնի է որպես Դարմանենի օրենք, մեծ դժգոհություն է առաջացնում հասարակության մեջ։ Օրենքը նախատեսում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են անօրինական ներգաղթյալների նկատմամբ վերահսկողության խստացմանը՝ ներառյալ նրանց արտաքսման հնարավորությանը։ Սակայն օրինագիծն արժանացել է ասոցիացիաների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների քննադատությանն ու դիմադրությանը:
Ըստ նոր օրենքի՝ ապօրինի ներգաղթյալներին այսուհետեւ կավելացնեն հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում, իսկ հանցագործություն կատարած անձինք անհապաղ կարտաքսվեն։ Բացի դրանից՝ ներգաղթյալների ընտանիքների անդամների համար ներդրվում է ֆրանսերենի պարտադիր քննություն հանձնելու պահանջը։Օրենքը նաեւ առաջարկում է երկրում մնալու օրինականացում այն ներգաղթյալների համար, ովքեր կարող են աշխատանք գտնել այն ոլորտում, որտեղ աշխատուժի պակաս կա։
Ընդդեմ նոր օրենքի բողոքի ցույցեր են նախատեսվում ոչ միայն Փարիզում, այլ նաեւ Ֆրանսիայի այլ քաղաքներում, դրանց թվում՝ Ռենում, Մարսելում, Լիոնում, Թուլուզում եւ Բրեստում։ Ներգաղթյալների պաշտպանության ասոցիացիաները նաեւ կոչ են անում արհմիություններին գործադուլներ կազմակերպել ընդդեմ «ռասիզմի եւ ֆաշիզմի»։Ներգաղթյալների պաշտպանության ասոցիացիաների կազմակերպած բողոքի ցույցի մասնակիցները քննադատել են նաեւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինին։
Չնայած օրենքի նկատմամբ բողոքներին եւ բացասական վերաբերմունքին՝ Ֆրանսիայի խորհրդարանն այն ընդունել է երկար քննարկումներից հետո։ Երկրի ծայրամասերում որոշ քաղաքական գործիչներ իրենց անհամաձայնությունն են արտահայտել եւ հայտարարել, որ չեն կիրառելու նոր միջոցները։ Առողջապահության նախարար Օրելլան Ռուսոն, ի նշան օրենքի դեմ բողոքի, հրաժարական է տվել, սակայն նախագահ Մակրոնը հրաժարականը չի ընդունել։