Իսրայելի պաշտպանության բանակը կանոնավոր օգտագործում էր իր ամենահզոր ռումբերը Գազայի պատերազմի ժամանակ այն շրջաններում, որոնք, իր կարծիքով, անվտանգ էին խաղաղ բնակիչների համար: Այս եզրակացությանն է հանգել The New York Times-ը՝ հիմնվելով պատերազմի առաջին վեց շաբաթներին արված լուսանկարների եւ տեսանյութերի ուսումնասիրության վրա
The New York Times-ը Գազայի հատվածի հարավում, որտեղ Իսրայելը հրամայել է խաղաղ բնակիչներին տարհանել պատերազմի սկզբից ի վեր, հայտնաբերել է մոտ 12 մետր տրամագծով առնվազն 208 խառնարան, որոնք կարող են բացել միայն մոտ 900 կիլոգրամ (2000 ֆունտ) կշռող հզոր ռումբերով, նշում է NYT-ը:
Պարբերականի հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ 2000 ֆունտ կշռող ռումբերը լայնածավալ վտանգ են ներկայացնում Գազայի հարավում ապաստան գտած խաղաղ բնակիչների համար: Երբ նման ռումբը պայթում է, այն արձակում է պայթյունի ալիք, որը հազարավոր ոտնաչափ թռչող մետաղական բեկորներ է ցրում բոլոր ուղղություններով, նշում է New York Times-ը:
Իսրայելի պաշտպանության բանակը The New York Times-ին հայտնել է, որ Իսրայելի առաջնահերթությունը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է, եւ «նման բնույթի հարցերը կուսումնասիրվեն հետագա փուլում»։ Իսրայելի պաշտպանության բանակից հայտնել են, որ միջոցներ կձեռնարկվեն խաղաղ բնակչությանը հասցված վնասը նվազեցնելու համար:
Գազայում պատերազմի սկզբից ի վեր, ըստ ինքնավարության առողջապահության նախարարության, որը հաշվետու է ՀԱՄԱՍ-ին, ավելի քան 20 հազար մարդ է զոհվել։ ՄԱԿ-ը եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ իրականությանը մոտ են համարում պաղեստինյան կողմի գնահատականները։