Մինչեւ 2050 թվականը ճապոնացիների մեկ քառորդը կվերանա: Դեկտեմբերի 22-ին նման կանխատեսում է արել երկրի առողջապահության նախարարությունը:
2023-ի հունվարի 1-ի դրությամբ Ճապոնիայի բնակչության թիվը՝ ներառյալ երկրում ապրող օտարերկրացիների, 125 միլիոն 416 հազար 877 էր, ինչը շուրջ 511 հազարով պակաս է մեկ տարի առաջվա ցուցանիշների համեմատ։ Բնակչության նվազման միտումը սկսվել է 14 տարի առաջ, երկրում մահացության մակարդակը գերազանցում է ծնելիության մակարդակը:
Գերատեսչության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 27 տարի հետո Ճապոնիայի բնակչության թիվը չի գերազանցի 100 միլիոնը։ Իսկ մինչեւ 2070 թվականը երկրի բնակչությունն ամբողջությամբ կնվազի՝ հասնելով մինչեւ 87 միլիոնի։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ այս միտումը հարվածելու է Ճապոնիայի բոլոր հատվածներին՝ ներառյալ Տոկիոն, միակ տարածաշրջանը, որը մինչ օրս պահպանել է բնակչության աճի տեմպերը:
Միաժամանակ երկրում միջին տարիքը կշարունակի աճել։ Այդ ընթացքում երկրի շրջանների մեծ մասում տարեց ճապոնացիների թիվը կգերազանցի 40%-ը։ Այս ամենը երկրին սպառնում է նրանով, որ աշխատաշուկայում ճգնաժամ կսկսվի: Ճգնաժամ է սպասվում նաեւ հարկահավաքման եւ սոցիալական ապահովության համակարգերի ոլորտում։
Երկրում ծնելիության մակարդակը սկսել է նվազել 1970-ականների կեսերից եւ 2004 թվականին հասել է ամենացածր կետին՝ մեկ կնոջ հաշվով 1,29 ծնունդ: 2004 թվականին 1,11 միլիոն երեխաների 50 տոկոսը ծնվել է 30 տարեկանից բարձր կանանցից: Մինչդեռ 1975 թվականին Ճապոնիայում երեխաների 80 տոկոսը ծնվել է 20-25 տարեկան կանանցից։