Տարեվերջին Հայաստանի տնտեսությունը վերադարձել է երկնիշ աճի ուղեծիր։ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023 թվականի նոյեմբերի տնտեսական ակտիվության նախնական ցուցանիշը՝ 11,2 տոկոս աճ։ Հոկտեմբերին, հիշեցնենք, այդ ցուցանիշը գրեթե կրկնակի փոքր էր, ընդամենը 6 տոկոս։
Ուրեմն այդ ի՞նչ է կատարվել մեր տնտեսության մեջ, որ նման վագրի թռիչք է գրանցվել։ Պարզվում է՝ այս անգամ «կինդեր սյուրպրիզը» մեր արդյունաբերությունն է, որն աճել է 23,8 տոկոսով։ Եվ այս ոլորտի նման բարձր աճի շնորհիվ տնտեսության ընդհանուր աճն է բարձրացել։ Սա մեր երկրում վերջին տարիների համար, եթե չասենք շոկային, իսկապես աննախադեպ երեւույթ է։ Արդյունաբերության նման բարձր աճ ունենալը երազանք է յուրաքանչյուր տնտեսության համար։
Հայաստանում արդյունաբերությունն այն ոլորտն է, որն անցած տարիներին լավագույն դեպքում աճում էր 1 տոկոսի սահմաններում։ Հիմնականում չէր աճում կամ անկում էր ունենում։ Հոկտեմբերին, օրինակ, աճել էր ընդամենը 0,6 տոկոսով, իսկ այս տարվա տասը ամսվա կտրվածքով անգամ կես տոկոսով նվազել էր։ Անցած տարվա նոյեմբերին արդեն 2021-ի նույն ամսվա համեմատ ոլորտն ունեցել է 2,3 տոկոս անկում։
Նոյեմբերյան այս կտրուկ ցուցանիշը հարց է առաջացնում՝ այդ ի՞նչ ենք այդքան շատ արտադրել, արդյունաբերել կամ արդյունահանել, որ ոլորտը նման թռիչքաձեւ ցուցանիշ է գրանցել։ Վիճակագրական կոմիտեն դեռ ավելի մանրամասն տվյալներ չի ներկայացրել, ամենայն հավանականությամբ դա կհրապարակի հաջորդ տարեսկզբին։ Տնտեսագետների շրջանում նույնպես այս ցուցանիշը շփոթ է առաջացրել, եւ փորձում են հասկանալ, թե այդ որ կախարդական փայտիկն է նման բարենպաստ ազդեցություն առաջացրել։
«Շեղում է ինչ-որ, դեռ ամբողջ տվյալները չկան։ Ամենայն հավանականությամբ հանքարդյունաբերության հաշվին կլինի»,- ենթադրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
Պարզվում է՝ ոչ։ Կտրուկ աճել է ոչ թե հանքարդյունաբերությունը, սննդի կամ գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը կամ արտադրության ուրիշ ճյուղ, այլ ոսկու վերամշակումը։ Ըստ տնտեսագետ Արմեն Քթոյանի՝ այն աճել է բավականին շատ եւ ոչ թե տոկոսով, այլ անգամներով՝ 13,7 անգամ։ Իսկ թե ինչով է դա պայմանավորված, տնտեսագետը չկարողացավ պատասխանել, հատկապես որ Ազգային վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել ավելի մանրամասն տվյալները։
Այնուամենայնիվ, Քթոյանը ենթադրեց, որ սա կարող է կապ ունենալ Ռուսաստանի հետ։ Ավելացել է ինչպես Հայաստանի միջոցով եվրոպական ապրանքների վերաարտահանումը դեպի այդ երկիր, այնպես էլ մեր երկրի միջոցով ռուսական ոսկու վերաարտահանումը դեպի այլ ուղղություններ։ Միգուցե ռուսական ոսկին ներկրվում եւ մեր երկրում վերամշակվում, հետո արտահանվում է այլ երկրնե՞ր։ Չէ՞ որ ռուսական ոսկին արեւմտյան պատժամիջոցների տակ գտնվող ապրանք է, եւ Հայաստանը բացահայտ վերաարտահանելու փոխարեն այստեղ է վերամշակում, հետո նոր արտահանում։
Ամեն դեպքում սա նոր երեւույթ է մեր տնտեսության մեջ։ Հիշեցնենք, որ նույն կերպ այս տարի կտրուկ ավելացել էր թանկարժեք քարերի արտահանումը, որի ծագման աղբյուրը նույնպես Ռուսաստանն էր։
Արդյոք ոսկու վերամշակումն ու արտահանումը նոր միտում կարող է լինել մեր տնտեսության համար, որն էլ կնպաստի ինչպես արտահանման, այնպես էլ արդյունաբերության աճին։ «Ո՛չ, չի կարելի այդպես ասել։ Սա դեռ մեկանգամյա երեւույթ է։ Դա պետք է ամիսներ կամ տարիներ շարունակվի, որ համարենք նոր միտում։ Եթե շարունակվի, կհամարենք»,- նշեց տնտեսագետը։
Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ այդ աճը վերաբերում է միայն նոյեմբերին եւ ոչ թե ամբողջ տարվան։ Իսկ արդեն հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության մյուս ցուցանիշները չեն զարմացնում՝ պահպանել են նախորդ ամիսների գրեթե նույն ակտիվության տեմպը։ Այսպիսով՝ այս տարվա տասնմեկ ամիսներին տնտեսական ակտիվությունը գրանցել է երկնիշին ձգտող՝ 9,4 տոկոս աճ։ Նույն արդյունաբերության աճը, որը նոյեմբերին թռիչք էր ունեցել, տասնմեկամսյա կտրվածքով եղել է 2,1 տոկոս։ Հունվար-նոյեմբերին շինարարությունն աճել է 15,6, առեւտուրը՝ 24,3, իսկ ծառայությունների ոլորտը՝ 11,1 տոկոսով։
Շարունակում է շատ բարձր մնալ արտաքին առեւտրաշրջանառության աճը, տասնմեկ ամսվա կտրվածքով՝ 42,4 տոկոս։ Այստեղ բավականին դրական է այն միտումը, որ ներմուծման աճը գրեթե հավասարվել է արտահանման աճին։
Հավելենք նաեւ, որ նոյեմբերին նույնպես կյանքը թանկացել է. սպառողական ապրանքների գները բարձրացել են 2,2 տոկոսով։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։