ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն արձագանքել է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի հեռարձակումը դադարեցնելու որոշման վերաբերյալ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության տարածած մեկնաբանությանը:
ՀՀ-ում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունն ավելի վաղ նշել էր, որ Կարգավորող մարմնի վճռով սահմանափակվել է «հայ ունկնդրի` իր նախընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու բացարձակ իրավունքը»: ՌԴ դեսպանությունը հանձնաժողովի որոշումը գնահատել է նաեւ որպես զիջում նրանց, ովքեր «գնալով ավելի բարձր են խոսում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավանդական, փոխշահավետ եւ փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»։
ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը դեսպանատան վերոնշյալ մեկնաբանության կապակցությամբ անհրաժեշտ է համարել լրացուցիչ պարզաբանում ներկայացնել որոշման վերաբերյալ։
Մասնավորապես նշվում է, որ 2017-ին Հայաստանին պատկանող հաճախականությունների սահմանափակ տիրույթում հեռարձակման լիցենզիա ստացած «Ռադիո Տոսպա»-ի կողմից վերահեռարձակվող «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի բովանդակությունը բազմիցս կոպտորեն խախտել է Հայաստանի օրենսդրությունը եւ ակնհայտ հակասություն ունեցել դեսպանատան հիշատակած «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերություններ» մեկնաբանության հետ:
«Իր սահմանադրական լիազորությունների շրջանակում հանձնաժողովն ապահովել եւ ապահովում է «հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու բացարձակ իրավունքը»։ Սակայն «ատելության խոսքով», սպառնալիքներով, ապատեղեկատվությամբ, հազիվ քողարկված բռնության կոչերով օրենքը բազմիցս խախտող «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը վարողի մենախոսություններում բացակայում է տարրական հարգանքը դաշնակից երկրի, նրա ժողովրդի, ղեկավարության հանդեպ, եւ նույնիսկ մեծ երեւակայության դեպքում դժվար է այն «տեղեկատվության աղբյուր» անվանելը։ Հատկապես անհանգստացնող է այն փաստը, որ այդպիսի բովանդակությունը հեռարձակում է ռուսական պետական լրատվամիջոցը»,- ասված է ՀՌՀ հայտարարության մեջ:
ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը միաժամանակ հիասթափեցնող է անվանել «Ռադիո Sputnik»-ի եւ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ղեկավարության արձագանքը հայկական կարգավորիչ մարմնի որոշմանը։