Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեկտեմբերի 25-ին Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից Վատիկանի գլխավոր հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին շնորհավորել է Սուրբ Ծննդի առթիվ։
Քահանայապետը դեմ է արտահայտվել պատերազմի տրամաբանությանը եւ զենքի արտադրությանը` խաղաղության կոչ անելով համաշխարհային հակամարտությունների կողմերին՝ ներառյալ Ուկրաինայում, Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում:
«Թող մոտենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական խաղաղության օրը. թող դա առաջ մղվի մարդասիրական նախաձեռնությունների հետապնդմամբ, փախստականների վերադարձով իրենց տները օրինականության եւ ապահովության պայմաններում, ինչպես նաեւ կրոնական ավանդույթների եւ յուրաքանչյուր համայնքի պաշտամունքի վայրերի նկատմամբ փոխադարձ հարգանքով»,- սուրբծննդյան ուղերձում ընդգծել է Կաթոլիկ եկեղեցու հայրապետը:
Հռոմի պապը տոնական քարոզի ժամանակ անդրադարձել է «Խաղաղության իշխանի» գալուստն ազդարարող Եսայի մարգարեի գրքին. «Թող ցնծա նա, ով իր սրտում խաղաղություն չի գտնում, որովհետեւ քեզ համար կատարվեց Եսայու հնագույն մարգարեությունը»:
Խաղաղության իշխանին «այո» ասելը նշանակում է «ոչ» ասել պատերազմին, ցանկացած պատերազմին, պատերազմի բուն տրամաբանությանը՝ ճանապարհորդություն առանց նպատակակետի, պարտություն առանց հաղթողների, խելագարություն առանց արդարացումների։ «Բայց պատերազմին «ոչ» ասելու համար պետք է «ոչ» ասել զենքին»,- ընդգծել է Հռոմի պապը։