ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն արդեն ընդունում է երեխայի ծննդյան միանվագ ու մինչեւ երկու տարեկան երեխաների նպաստների առցանց դիմումների ընդունումը, որոնց հաստատվելու դեպքում նպաստների տրամադրումը կունենա հետադարձ ուժ։
Դեկտեմբերի 26-ին դրա մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ Նա հավելել է, որ նպաստները կհաշվարկվեն հոկտեմբերի 1-ից, եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կստանան մինչեւ դեկտեմբերի 31-ը կուտակված նպաստները: Փոխնախարարն ընդգծել է, որ բոլոր տեսակի նպաստները ստանալու համար ՀՀ–ում հաշվառում ունենալը պարտադիր պայման է։
Անդրադառնալով մայրության նպաստին՝ փոխնախարարը Արցախից բռնի տեղահանված անձանց հորդորել է նպաստը ստանալու համար մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանում, ներկայացնել մայրության (դեկրետային) արձակուրդի փաստաթղթերը: Նա շեշտել է, որ մայրության նպաստի համար դիմումն առցանց չպետք է լրացնել:
Ինչ վերաբերում է 3–րդ եւ ավելի երեխայի դեպքում միանվագ տրվող աջակցությանը, Խաչատրյանը նշել է, որ Արցախից բռնի տեղահանված անձինք դա կարող են ստանալ միայն ՀՀ քաղաքացի դառնալուց հետո։