Ուկրաինայում զինված հակամարտության բռնկումից հետո ֆինները Ռուսաստան են արտահանում բոլոր ապրանքների շուրջ 1%-ը:
Ըստ Ֆինլանդիայի ԱԳՆ-ի՝ 2021-ի համեմատ Ռուսաստանի մասնաբաժինը Ֆինլանդիայի արտահանման մեջ նվազել է ավելի քան վեց անգամ։
Ֆինլանդացի դիվանագետների պնդմամբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն աննշան ազդեցություն են ունեցել երկրի տնտեսության վրա։ «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կամ առեւտրի ծավալների կրճատումը միայն սահմանափակ ազդեցություն են ունեցել Ֆինլանդիայի տնտեսական իրավիճակի վրա»,- շեշտել է Ֆինլանդիայի դիվանագիտական ծառայությունը:
Հելսինկին հավաստիացնում է, որ Ֆինլանդիայի արտահանումը Ռուսաստան նվազել է ավելի վաղ՝ դեռ 2013 թվականից, այսինքն՝ մինչեւ Ղրիմի հանրաքվեն եւ Ուկրաինայում զինված հակամարտության բռնկումը։ 2021-ին Ռուսաստանի մասնաբաժինը Ֆինլանդիայի արտահանման մեջ 5,6% է, այս պահին այն շուրջ 0,9% է։
Ֆիննական ընկերություններին հաջողվել է հարմարվել իրավիճակին եւ այլ շուկաներ գտնել իրենց արտադրանքի համար։
Մինչդեռ 2023 թվականի մարտին Helsingin Sanomat պարբերականը հաշվարկել էր, որ ռուսական շուկան լքելը շուրջ 4 միլիարդ եվրոյի վնաս է հասցրել ֆիննական ընկերություններին եւ արտադրողներին։