2024 թվականը Վանաձորի տիկնիկային թատրոնի համար կնշանավորվի լավ ու կարեւոր իրադարձությամբ․ տարեսկզբին թատրոնը «տուն» կվերադառնա։ Տիկնիկայինի հիմնանորոգվող շենքում ներքին հարդարման վերջին աշխատանքներն են ընթանում, ինչին կհաջորդեն կահավորումն ու նորամուտը։
Շենքը, որտեղ 30 տարի գործում է Վանաձորի պետական տիկնիկային թատրոնը, խորհրդային տարիներին ծաղկի խանութ է եղել։ Թատրոնի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ այստեղ չեն եղել։
Դերասան Սերգեյ Մելիքյանը 1992-ին՝ Հայաստանի համար դժվարին ժամանակներում, մի խումբ նվիրյալների հետ ծաղկի խանութը վերածում է տիկնիկային թատրոնի։ Երկու տարի անց բեմի վարագույրը բացվում է «Շունն ու կատուն» ներկայացմամբ։ Ինչպես Երեւանի եւ Գյումրու տիկնիկային թատրոններն էին ժամանակին նշանավորել իրենց մեկնարկը։
Բացմանը հաջորդում են բուռն ստեղծագործական տարիները՝ հյուրախաղեր մարզի գյուղերում ու քաղաքներում, ակտիվ մասնակցություն մշակութային միջոցառումներին, միջազգային փառատոներ, այցելություններ արտասահմանի հայաշատ բնակավայրեր եւ այլն։ Այդպես արդեն 30 տարի։
Բայց տիկնիկային թատերարվեստ Վանաձորն ունեցել է ավելի վաղ ժամանակներից։
«Մենք ունենք փաստագրված նյութեր, որ Վանաձորում դեռեւս 1960-ականներից եղել են տիկնիկային թատերախմբեր։ Հատկապես Խորհրդային Միության շրջանում արդյունաբերական Վանաձորում տարբեր գործարաններին կից թատերախմբեր, համերգային խմբեր, անսամբլներ են ստեղծվել։ Այսինքն՝ Վանաձորում տիկնիկային արվեստի սկիզբը չպետք է համարել 1992 թվականը»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Սեւակ Սարգսյանը։
Սեւակը Վանաձորի տիկնիկային թատրոն է եկել 2020 թվականին՝ դժվար եւ ծանր ժամանակահատվածում, երբ Հայաստանը հետպատերազմյան ճգնաժամի մեջ էր։ Ուրախացնող, ոգեւորող ոչինչ չկար, մարդիկ տրամադրություն չունեին թատրոն կամ համերգասրահ գնալու, հետեւաբար երեխաները զրկվում էին թատրոնի միջոցով կրթվելուց եւ դաստիարակվելուց։
Համընդհանուր ճգնաժամը, հուսահատությունն էր ճնշում, ներսում՝ աշխատանքային պայմանների բացակայությունը։ Երեսուն տարիների ընթացքում ստեղծածը կարծես «սպառվել» էր, եւ հարկավոր էին թարմություն, նոր ենթակառուցվածքներ, որպեսզի նոր գաղափարները մարմին ու շունչ ստանային, Վանաձորում ապրող փոքրիկների առօրյան էլ գունավորվեր։
2020-ի վերջին եւ 2021-ի սկզբին համայնքապետարանի աջակցությամբ տիկնիկային թատրոնի դահլիճն ու որոշ ենթակառուցվածքներ մասնակի բարեկարգվում են։ Մայիսին կրկին բացվում է վարագույրը։ Վանաձորի տիկնիկայինի համար ստեղծագործական նոր փուլ է սկսվում։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից թատերական տարբեր նախագծերի համար պարբերաբար հայտարարվող դրամաշնորհներով հնարավոր է դառնում ընդլայնել խաղացանկը՝ ակտիվ պահելով ստեղծագործական մթնոլորտն ու հանդիսատեսին։
«Այդպիսի մի դրամաշնորհի շնորհիվ ունեցանք «Բժիշկ Այբոլիտը» ներկայացումը, որն իր տեսակով առաջին անգամ էր մեր թատրոնում։ Մենք մշտապես հանդես ենք եկել ավանդական ձողիկավոր տիկնիկներով, իսկ «Բժիշկ Այբոլիտը» առաջին փորձն էր՝ ունենալու հատակային կամ պլանշետային ասված տիկնիկները, երբ դերասանն ու տիկնիկները նույն բեմի վրա են, երկուսն էլ երեւում են, երկուսն էլ խաղում են։ Բեմադրությունն իրականացրեց հանրապետության վաստակավոր արտիստ, Երեւանի դրամատիկական թատրոնի դերասան Արմեն Բարսեղյանը։ Ներկայացումն արժանացավ հանդիսատեսի բուռն արձագանքին, թեև մենք մի փոքր անհանգստացած էինք, քանի որ մեր հանդիսատեսը մեզ միշտ տեսել է ավանդական ժանրում։ Այդ ներկայացումով նաեւ հյուրախաղեր ունեցանք մարզի տարածքում»,- պատմում է գեղարվեստական ղեկավարը։
2022-ին Վանաձորի պետական տիկնիկային թատրոնը մեծ շուքով նշում է հիմնադրման 30-ամյակը։ Կրկին նույն ներկայացմամբ, որով բացվել էր թատրոնը՝ «Թե ինչպես գժտվեցին շունն ու կատուն»։
Հոբելյանական ներկայացման բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ, Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան եւ ռեժիսոր Արամ Մխիթարյանն է։
Թե՛ «Շունն ու կատուն» եւ թե՛ «Բժիշկ Այբոլիտը» նոր տիկնիկներով, նոր դեկորացիաներով, երաժշտական եւ լուսային նոր ձեւավորմամբ են ներկայացել հանդիսատեսին։
«Հոբելյանական տարին մեզ համար դարձավ էն եզրագիծը, որն ամփոփեցինք եւ արդեն կազմում ենք մեր ծրագիրը հաջորդ երեսուն տարիների համար։ Հիմա թատրոնի շենքը կապիտալ վերանորոգվում է, սա 30-ամյակի լավագույն նվերն էր, որ մեզ մատուցեց Վանաձորի համայնքապետարանը։ Եվ մենք ունեցանք ոչ թե վերանորոգված, այլ ամբողջովին վերափոխված, վերակառուցված շենք»,- նշում է տիկնիկայինի ղեկավարը։
Թատրոնը ժամանակավոր գործում է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում։ Տարեմուտն էլ այստեղ կդիմավորեն։
Իսկ հետագա ծրագրերի եւ ընդհանրապես մարզում եղած հնարավորությունների առումով Սեւակ Սարգսյանը լավատես է։ «Երբ մարդ ցանկություն ունի որեւէ բան անելու, նրան ոչինչ չի կարող խանգարել»․ սա կարծես կյանքի կարգախոս է դարձել, որին Սեւակն ավելացնում է ժամանակին իր դասախոսից լսած խոսքերը՝ քանի երիտասարդ եք, սխալվեք, հետո է՛լ չեն ներելու։
«Ես համաձայն չեմ, որ Վանաձորը քիչ հնարավորությունների քաղաք է, որ էստեղ սահմանափակ բան կարող ես անել, քան Երեւանում։ Գուցե մասշտաբներն այլ են, բայց հնարավոր է ստեղծել, առաջ գնալ։ Եթե յուրաքանչյուրս մեր իրերը հավաքենք, փախչենք Երեւան, ի՞նչ կստացվի։ Էդպես ուղղակի չի լինի։ Երեւանն իմ ծննդավայրն է, ամեն գնալ-գալուց հետո միտքս մի շաբաթ մնում է էնտեղ․․․ բայց ես սիրում եմ Վանաձորը, էնքա՜ն ջերմություն կա էստեղ։ Ասում են՝ մռայլ է, տխուր է։ Ովքեր էդպես են ասում, ուրեմն Վանաձորի սրտի մեջ մտած չկան։ Ցանկացած մեկը, որ մտավ Վանաձորի սրտի մեջ ու էդ զարկը զգաց, է՛լ կյանքում չի ուզի գնալ էս քաղաքից։ Կգնա, ինչ-որ բան կանի, բայց էլի հետ կգա․․․»։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։