Բարձր մշակույթի կրող լինելու բարդույթը հանգիստ չի տալիս առաջադեմ հայ ինտելեկտուալներին։ Երիկամի քարի նմանությամբ անտեսանելի ինչ-որ ուժ կազմաքանդում է նրանց ներաշխարհը՝ թույլ չտալով հաշտվել ու համակերպվել Հայաստանի հետ։
Ամեն օր նրանք գալարվում են ցավից՝ հայհոյելով ճակատագրին։ Իսկ ցավի պատճառն անարդարության զգացողությունն է, որ ծնում է հետեւյալ հարցադրումը․ ինչպե՞ս կարող է գիտություն եւ արվեստ ստեղծած հնագույն այս քաղաքակրթությունն ապրել այսքան թշվառ եւ ողորմելի պայմաններում։
Այսինքն՝ տիրապետող է այն համոզմունքը, որ գոյություն ունեցողը կեղծ ու արհեստական է, եւ լավագույն ցանկության դեպքում Հայաստանը կարող է Եվրոպա դառնալ։
Մեծամիտ եւ հավակնոտ այս դիրքավորումը անջրպետ է ձեւավորում Հայաստանի եւ տարածաշրջանի մյուս երկրների միջեւ։ Հայ ինտելեկտուալներին թվում է, թե իրենք մեծապես տարբերվում են թուրքերից, ադրբեջանցիներից եւ քրդերից՝ երազկոտ գայթակղությամբ հետեւելով Ուկրաինային ու Վրաստանին։ Գայթակղություն, որը երբեմն փոխակերպվում է թունոտ նախանձի։
Որպես Երկաթյա վարագույրի փլուզման բնական հետեւանք՝ միջին վիճակագրական հայ ինտելեկտուալն արդեն իսկ իրեն մասնակից է համարում համաշխարհային հոսանքներին եւ քամիներին։ Նա ունի այֆոն, ամեն օր հանդիպման է վիդեոքոլով, Նեթֆլիքսով ֆիլմեր է նայում, լայքում է Իլոն Մասկին եւ Սլավոյ Ժիժեկին, դատողություններ է անում գիտությունից եւ բարձր արժեքներից։ Երբեմն էլ զուտ գիտական եւ մշակութային այս առօրյան ընդմիջվում է քաղաքական դատողություններով, որոնք սկսվում են անվերջ եթեներով։ Օրինակ՝ «եթե մենք քաղաքական էլիտա ունենայինք․․․», «Եթե ռուսից պոկվեինք․․․»։
Երազկոտ այս մտասեւեռումները, որպես կանոն, ավարտվում են հետեւյալ եզրակացություններով․ «Պետք է զարգացնենք կրթությունը, ֆինանսավորենք գիտությունը», «Դառնանք տեխնոլոգիական կենտրոն», «Դիվերսիֆիկացնենք արտաքին քաղաքականությունը»։
Ֆեյսբուքի, Ինսթագրամի, Թվիթերի, Նեթֆլիքսի եւ տարատեսակ այլ գործիքների ներգործությամբ հաղորդակցվելով համաշխարհային քամիներին՝ հայ ինտելեկտուալը արհեստականորեն սկսում է ինքն իրեն իրադարձությունների կիզակետում պատկերացնել՝ նույնը ակնկալելով նաեւ Հայաստանից ու հայ ժողովրդից։
Նրան թվում է, թե ամերիկյան եւ արեւմտաեվրոպական իրականություններն այնքան ունիվերսալ են, որ լավագույն ցանկության դեպքում կարող են տեղայնացվել նաեւ հայկական միջավայրում։ Համոզմունքի խորքում թաքնված է բարձր մշակույթի պատրանքը՝ սովետական գիտությունը, միջնադարյան ճարտարապետությունը, աշխարհում հայկական ծագմամբ մարդկանց հաջողված պատմությունները կամ, ինչպես կասեր միջին վիճակագրական հայ ինտելեկտուալը, «սըքսես սթորիները»։
Բնականաբար եթե կա պատրանք, ապա պետք է լինի նաեւ դրա իրականացումը խոչընդոտող հակամարմին, որն իբր տգիտությունն է։
Գլոբալիզացիան իր բոլոր դրական եւ բացասական հետեւանքներով, նոր տեխնոլոգիաների ներգործությամբ աստիճանաբար ջնջում է մարդկությանը սահմանազատող պարիսպները։ Բայց ջնջել դեռեւս չի նշանակում նույնացնել եւ մասնակից դարձնել։ Հենց սա չեն հասկանում հայ ինտելեկտուալները՝ հեռավոր օթյակում նստած հանդիսատեսին շփոթելով թատրոնի ռեժիսորի հետ։
Մոլորությունն այս հանգեցնում է բնական կոնֆլիկտի։ Պրովինցիայում ապրողն իրեն պրովինցիայից դուրս է հայտարարում՝ օտարվելով այնտեղի առօրեական, գավառական ու նույնիսկ պարզունակ հոգսերից։ Չգիտես ինչու, «պրովինցիա» եւ «գավառ» եզրույթները մեր (եւ ոչ միայն) լեզվամտածողության մեջ հայհոյանքի նշանակություն ունեն։ Իբրեւ թե հայ ինտելեկտուալ վերնախավը արժանի չէ լինելու պրովինցիալ, իր պատմամշակութային ժառանգությամբ եւ գիտական պոտենցիալով այն պետք է լինի քաղաքակրթության կենտրոնում։
Վստահաբար կարելի է պնդել, որ նման պատրանքներով են տարված նաեւ օրվա իշխանությունները կամ դրա շարքերը համալրած ինտելեկտուալները։
Բավական է միայն հիշել Հայաստանում անցկացվող Starmus փառատոնը, որն ընդամենը մեկ նպատակ էր հետապնդում․ բավարարել հայ ինտելեկտուալների՝ աշխարհի կիզակետում հայտնվելու էգոիստական բարդույթը։
Իմ համոզմամբ ամենամեծ խնդիրն այն է, որ տասնամյակներ շարունակ սաղմնավորվող այս միֆերը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ եկել են իշխանության։ Բնականաբար իշխանությունը բազմաշերտ է, եւ այդ բազմազանության մեջ որպես պոպուլիզմի գործիք առաջատար դիրքեր են զբաղեցնում նաեւ հայ ինտելեկտուալներին տանջող պատրանքները։
Նկարագրվողն, անշուշտ, Վազգեն Մանուկյանի «Համաշխարհային ազգի» շատ ավելի նորաձեւ եւ առաջադիմական մեկնաբանությունն է։ Հարուստ պատմություն եւ բարձր մշակույթ ժառանգած մարդիկ, որոնք նաեւ հաղորդակից են աշխարհին, չեն ուզում պրովինցիալ լինել, հատկապես՝ ռուսական պրովինցիայում։
Համակված սոցիալական ատելությամբ եւ քաղաքական կոնֆորմիզմով՝ նրանք կարծում են, թե կարող են թերթել հայոց պատմության հերթական էջն ու մոռացության մատնել օբյեկտիվ իրականությունը։
Իրականություն, որտեղ Հայաստանն իսկապես մի պրովինցիա է, որն այս պահի դրությամբ հասել է իր առավելագույնին։ Ավելիին չի ձգում, չունի այդ ունակությունն ու հնարավորությունը։
Ամենեւին էլ չեմ առաջարկում անգործության մատնվել կամ էլ թուլանալ եւ հաճույք ստանալ։ Բնականաբար ես էլ բոլոր բանական մարդկանց պես առաջընթացի եւ զարգացման կողմնակից եմ։ Խնդիրը պատրանքներն ու դատարկ մեծամտությունն են։
Բարդույթներն ու դրանց հիման վրա ձեւավորված նորաձեւ հավակնությունները չեն կարող հարյուր անգամ ավելի մեծ լինել, քան մեր երկրի փոքր, հյուծված ու քրքրված մարմինը։ Չի կարելի ապաքաղաքականության դիրքերից չնկատել, որ Հայաստանը ինքնաբավ երկիր չէ։ Նրա ռեսուրսներն ու սահմանները, ինտելեկտուալ կարողություններն ու երեւակայությունը չեն կարող բավարարել տեխնոազգայնականության եւ լիբերալ նորաձեւության հիվանդագին բարդույթները։
Նախկիններին ատող, ներկաներին հեգնող, Իլոն Մասկին լայքող միջին վիճակագրական հայ ինտելեկտուալը՝ պոետը, պատմաբանը, ծրագրավորողը, ֆիզիկոսը եւ քաղաքագետը, կյանքը փորձում է նոր կետից սկսել։
Կետ, որտեղ Ղարաբաղի հարց այլեւս չկա։ Ճակատագրի հեգնանքով դրա կարեւորությունը գիտակցվեց միայն մի վայրկյան՝ ոչնչացման պահին։ Ակնթարթային այս ողջախոհությունը մեռավ դեռեւս չծնված։ Հայ ինտելեկտուալը արագորեն ուշքի եկավ եւ շարունակեց ապրել առաջվա պես, կարծես այս երկրում ոչինչ տեղի չի ունեցել։
Նա նորից քաղաքականությամբ չի զբաղվում, քանի որ իշխանությունը հիմար է, ընդդիմությունը՝ թալանչի, եւ խնդիրը կրթությունն է ու մեկ էլ Սովետը։ Դե, իրեն հարգող ինքնիշխան ինտելեկտուալը չի կարող հակասովետ չլինել, հատկապես 2023 թվականի դրությամբ։
Հայաստանի ամենահետադիմական շերտը հիմնականում դրա ուսյալ եւ լուսավոր հատվածն է։ Դրանք գրքեր կարդացած, կոնֆորմիստ, մերկանտիլ, ոգեղենությունից զուրկ, ցինիկ, ճշմարտությունների նկատմամբ կամակոր եւ անպայման այլընտրանք գտնելու մոլուցքով վարակված մարդիկ են։
Այլ խոսքով՝ սովետական նոմենկլատուրային մտավորականությանը հակադրված նոր սերունդը։ Առաջին խմբի ստեղծածը վուլգար, ծորացող, անհասցե, համակարգային հայրենասիրությունն էր։ Իսկ երկրորդ խումբն այս տասնամյակների ընթացքում ընդամենը մի գործով է զբաղվել․ ծաղրել ու հեգնել է սեռական բնազդի վերածված կեղծ այդ հայրենապաշտությունը՝ արդեն իսկ պարազիտության փոխակերպված գործողությունը հանրության վրա ծախելով որպես ազատամտություն եւ ռացիոնալիզմ։
Էս ամենն, իհարկե, կյանքի ինչ-որ փուլում իմաստավորրված է եղել։ Ինչ-որ մեկը պետք է օրերից մի օր ասած լիներ, որ Հովհաննես Շիրազի մասիսապաշտությունն իսկական ծաղր է մեր հայրենիքի նկատմամբ։ Բայց մի՞թե կարելի է այս դատարկ խոսակցությունների հիմքի վրա ինչ-որ արժեքավոր բան կառուցել, այն պարագայում, երբ ազատամտության չինովնիկների ազատ դրսեւորման միակ միջոցը անցյալից դասեր քաղելն է։
Նրանց համար պատմությունն ընդամենը շոուբիզների մի տարատեսակ է, որից կարելի է աշխարհացունց, սենսացիոն փաստեր վերցնել ու ցնցել հանրությանը, բայց զուտ ազատամտության սեփական բարդույթը բավարարելու համար։ Եվ անպայման հակաեկեղեցական ու պետականության դիրքերից, ճիշտ Պապ թագավորի նմանությամբ։
Վաղ քրիստոնեական բարբարոս այդ տիրակալն իր կամքից անկախ դարձել է հայ քաղաքական մտքի պետականամետության աղանդի նորաձեւ կուռքը։
Կամ էլ Ղեւոնդ Ալիշանի դեմքի ինքնավստահ արտահայտությամբ բացահայտել, որ հայ զինվորները 1920 թվականին Կարսի գրավման ժամանակ թաքնվել են որբանոցի մահճակալների տակ։ Կարծես աշխարհում որեւէ այլ երկիր երբեւէ դասալիքներ չի ունեցել, եւ թալանչի գուսանները ժամանակին կեղծ երգեր են երգել հայ զինվորի քաջության մասին։ Ա՛յ քեզ նորություն․․․։
Ահա սա է արդի հայ ինտելեկտուալի հավաքական կերպարը՝ իր բարդույթներով եւ նորաձեւություններով ծանրացած Հայաստանի խղճին։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։