Հաջորդ տարվանից առցանց տաքսիները կհարկվեն։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի փոփոխությունը 56 կողմ, 6 դեմ, 17 ձեռնպահ ձայներով անցած շաբաթ ընդունվեց խորհրդարանում։
Տաքսի ծառայությունները պետք է իրենց ծրագրում փոփոխություններ կատարեն, որոնց արդյունքում վարորդները պետք է ուղեւորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրեն։
Օրենքի փոփոխությամբ յուրաքանչյուր ուղեւորության համար կսահմանվի պետական տուրք, որը տարբեր կլինի կանխիկ եւ անկանխիկ վճարումների դեպքում։ Կանխիկ վճարման դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից տուրքը կսահմանվի 2%, 2025-ի հունվարի 1-ից՝ 3,5%, 2026-ի հունվարի 1-ից՝ 5%, անկանխիկ վճարման դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից՝ 1,5%, 2025-ի հունվարի 1-ից՝ 2,5%, 2026-ի հունվարի 1-ից՝ 4%։
Սա, ըստ փոփոխության հեղինակների, հնարավորություն կտա ոլորտն օրենքի դաշտ բերելու, իսկ անձնական տրանսպորտային միջոցներով ուղեւորափոխադրումներ իրականացնող վարորդները կվերահսկվեն եւ կհարկվեն։
Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը օրենքի փոփոխությունը դրական չի գնահատում։ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում փորձագետը նշում է՝ հարկը ճիշտ հավաքելու համար նախ այն պետք է ճիշտ հաշվել, իսկ դրա պատասխանատուն պետությունն է։ Կենսական նշանակության կարեւոր ոլորտներում, որտեղ կա չափման մեծություն, պետք է առկա լինի չափման միջոց։
«Պարզ ասած՝ որտեղ մի բան կա, որը պետք է չափել ու վաճառել, այդտեղ պետք է հատուկ սարք դրված լինի։ Չափման միջոցը հաշվիչներ են, որոնք պետության վերահսկողության տակ են, սերտիֆիկացնում է պետությունը, գրանցվում են էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնում եւ որոշակի հաճախականությամբ անցնում են չափագիտական ստուգումներ, դրանից հետո կապարակնքվում են»,- ասում է Սահակյանը։
Այդ ցանկում են, օրինակ, գազի, հոսանքի, ջրի, բենզալցակայանների, գազալցակայանների հաշվիչները։ Դրանց ճշգրտության պատասխանատուն պետությունն է։
Առցանց տաքսիների վարորդների աշխատանքային գործիքը հեռախոսն է։ Դա, ըստ փորձագետի, չի կարող ծառայել որպես չափման միջոց։ Դրանից բացի՝ անվտանգային լուրջ խնդիր կա, որն անտեսվում է։
«Երեւանում շղթայական վթարների թիվն ավելացել է։ Թեեւ պատճառը չի բարձրաձայնվում, բայց ներքին խոսակցություններում ասում են, որ վարորդների ուշադրությունը շեղվում է, երբ պատվեր են ստանում, կենտրոնացած չեն վարում։
Մյուս տաքսի ծառայությունները լիցենզավորվում են, այլ հարկային դաշտում են, մինչդեռ նույն ծառայությունն են մատուցում։ Ուղեւորը որտեղի՞ց պետք է վստահ լինի, որ այդ վարորդը, օրինակ, հոգեներազդող նյութերի ազդեցության տակ չէ, կամ ավտոմեքենան ջարդվելու եզրին չէ, եւ վարորդն իրեն անվնաս տեղ կհասցնի»,- ասում է Սահակյանը։
Առցանց տաքսի ծառայությունների՝ դաշտ մտնելուց հետո մայրաքաղաքում դադարեցվել է տաքսի ծառայություն մատուցող 1100 ընկերության գործունեություն։
«Այդքան տնտեսվարող սնանկացել է։ Առցանց տաքսիների սեփականատերերը վարորդին իրենց գրպանից գումար էին տալիս, ասում՝ 100 դրամով տեղափոխի՛ր ուղեւորին, մարդիկ էլ ուրախացել էին, որ մատչելի տաքսիից կարող են օգտվել․ այսօր դրա պտուղներն ենք քաղում։
«Ձրի պանիրը միայն թակարդում է լինում»»,-ասում է Սահակյանն ու վստահություն հայտնում, որ այս անգամ եւս պետք է սպասել տաքսի ծառայությունների սակագների բարձրացման։ Ցանկացած փոփոխություն հասարակության «գրպանից է» դուրս գալիս։
Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահն ամենակարեւոր խնդիրներից մեկը համարում է այն, որ պատվերների մասին տեղեկությունները ծառայությունները պետք է փոխանցեն պետությանը։ «Այս քայլով պետությունն իր վերահսկողության գործառույթն ու լծակը տալիս է վերահսկվողին։ Վերջինս ինչ թիվ ներկայացնի, այդքան էլ վճարելու է»։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: