Ադրբեջանն ու Հայաստանն այնքան էլ հեռու չեն խաղաղության համաձայնագրի կնքումից։ Դրա մասին բրիտանական The Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
Նա հավելել է, որ խաղաղության գործընթացի այս վճռական փուլում, երբ կողմերն ընդհանուր առմամբ հեռու չեն խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունից, ադրբեջանական կողմն ակնկալում է որոշակի արդյունքների հասնելու Երեւանի անկեղծ տրամադրվածությունը:
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է նաեւ, որ անցյալ շաբաթ հայկական կողմին հանձնելով խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին տարբերակը՝ Բաքուն սպասում է Երեւանի արձագանքին։
«Հայաստանը պետք է լիովին գիտակցի իր համար Ադրբեջանի հետ խաղաղության բոլոր օգուտները եւ վերջնականապես հրաժարվի վնասակար պատրանքներից ու մեքենայություններից, որոնք ուղղված են խաղաղության գործընթացը խաթարելուն եւ մեր երկրի հետ ռազմական առճակատմանը վերադառնալուն»,- ընդգծել է Ամիրբեկովը։
Ըստ «Ազատության»՝ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ Ադրբեջան-Նախիջեւան տրանսպորտային կապի ապահովմանը՝ նշելով, որ Բաքուն երեք տարի Հայաստանից հստակ պատասխանին ապարդյուն սպասելուց հետո այլևս ժամանակ կորցնելու մտադրություն չունի։ Նա շեշտել է, որ եթե Հայաստանը չի ընկալում Զանգեզուրի միջանցքի ստեղծման իր օգուտը, եւ դեռ շարունակում է Ադրբեջանի կողմից իր դեմ մոտալուտ ագրեսիայի «նարատիվներ տարածել եւ մտադիր է ապագայում էլ տարածաշրջանային փակուղում մնալ, ապա Ադրբեջանն անցնում է կոնկրետ գործողությունների եւ սկսում, այսպես կոչված, «պլան Բ»-ի իրականացումը՝ նախապատվությունը տալով հարեւան Իրանի տարածքով վերոնշյալ տրանսպորտային կապերի ստեղծմանը»,- ասել է Իլհամ Ալիեւի հատուկ ներկայացուցիչը։