Գյումրին տոնական արդուզարդով, կազմ-պատրաստ նոր տարվան է սպասում: Համեստ բյուջեով քաղաքը զուսպ զարդարվել է, տարբեր հատվածներում տոնածառեր են դրվել, լուսային ձեւավորումներ արվել:
Քաղաք այցելած հյուրերը գոհ են. շատ սիրուն է: Սակայն այն, ինչ տեսնում ենք առաջին հայացքից, իրականում գրեթե կապ չունի Գյումրու մեկ այլ՝ տնակային իրականության հետ:
Գյումրու հազարավոր տնակներում էլ են ամանորյա հրաշքին սպասում, տոնածառեր զարդարում, տոնական սեղանի պատրաստություն տեսնում: Տնակային իրականությունից այն կողմ աշխարհը չճանաչող փոքրիկները նույնքան ջանասիրաբար են նամակ գրում Ձմեռ պապին, որքան ճոխ ու ապահով ապրող պաշտոնյաների ընտանիքների երեխաները. միայն թե նամակների բովանդակությունը խիստ տարբեր է…
Հաշվառման վերջին տվյալներով Գյումրիում 2600 տնակ կա: Երկու տարվա համար նախատեսված ժամանակավոր տնակները շուրջ չորս տասնամյակ տանիք են դարձել բազմաթիվ գյումրեցիների համար:
Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով աղքատության ճահիճը կլանել է հազարավոր գյումրեցի ընտանիքների, որոնք այդպես էլ չկարողացան տնակից տուն տեղափոխվել, մարդավայել ապրել:
Տարիներ շարունակ այս մարդկանց հետ ամենօրյա շփում ունեցող Վահան Թումասյանը խնդիրը միայն սոցիալական չի համարում, ասում է՝ չքավորությունն ու տնակաբնակ լինելը հոգեբանական լուրջ վտանգ են դարձել: «Գյումրիում երկու տարբեր աշխարհներ կան: Տնակային աշխարհը մոռացվում է սովորական ապրող մարդկանց կողմից: Երկու աշխարհների անջրպետն օր օրի խորանում է, սոցիալական շփումը՝ վերանում, անգամ տնակաբնակներին աղջիկ չեն տալիս››:
Այսօր Կառավարությունը, հասարակական կազմակերպությունները դեմքով շրջվել են արցախահայերի, հետպատերազմյան խնդիրների կողմը: Էլ Գյումրու տնակները հիշող չկա, դեռ չծնված արդեն անտուն ու հիվանդ երեխաների ճակատագրով մտահոգվող չկա:
Տնակում ապրողները կույրաղիք են դարձել, ոչ ոքի պետք չեն, ոչ ոքի չեն հետաքրքրում:
Տնակաբնակներն էլ սովորել են, որ իրենք կարեւոր չեն, կարեւորը մի բան վառեն՝ չցրտահարվեն, մի բան հայթայթեն՝ սովամահ չլինեն:
Պատկան մարմինները վաղը բաժակ կբարձրացնեն, կենացներ կխմեն, տնակաբնակ փոքրիկներն էլ կերազեն մի մետր տարածք ունենան՝ խարխուլ տոնածառը դնեն:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։