Երուսաղեմի «Կովերի պարտեզի» վրա դեկտեմբերի 28-ին երկաթներով ու տարբեր միջոցներով զինված 30 իսրայելցի ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» կոչվող տարածք եւ հարձակվել հայերի վրա: Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ, ակտիվիստ Սեդրակ Բալյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում պատմել է, որ հայերը կարողացել են հետ շպրտել իսրայելցի ծայրահեղականներին ու պահպանել գիծը:
jordannews.jo-ի հրապարակած տեսանյութում երեւում է, որ իսրայելցիները հարձակվել են եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների, հավատացյալների եւ հայ համայնքի այլ անդամների վրա: Կայքը նկատում է, որ Իսրայելի ոստիկանությունն իսրայելցի ագրեսորների փոխարեն երկու հայի է ձերբակալել:
Ըստ ահազանգերի՝ թեեւ Ոստիկանությունը «Կովերի պարտեզ» կոչվող վայրից գտնվում է ընդամենը 100 մետր հեռավորության վրա, ժամանել է 20 րոպե ուշացումով։
Հարձակման մասին ֆեյսբուքյան գրառման մեջ ահազանգել է նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը: Նա միջադեպը որակել է «զանգվածային եւ համակարգված ֆիզիկական հարձակում»: Գոգչյանը մանրամասնել էր, որ որոշ քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ եւ տեղի հայեր ծանր վիրավոր են: Նա ընդգծել է, որ միջադեպը տեղի է ունեցել իր հրապարակումից 1 ժամ առաջ։
«Ավելի քան 30 զինված սադրիչ դիմակներով, մահաբեր եւ ոչ մահաբեր զինատեսակներով ներխուժել են «Կովերի պարտեզի» տարածք եւ դաժանաբար հարձակվել այնտեղ գտնվողների վրա: Հայոց հոգեւոր ակադեմիայի մի քանի քահանա, սարկավագներ եւ ուսանողներ, ինչպես նաեւ բնիկ հայեր լուրջ վնասվածքներ են ստացել։ Սա զանգվածային եւ համակարգված ֆիզիկական հարձակում էր»,– նշել է Գոգչյանը։
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում ամբողջ աշխարհի իշխանություններին եւ միջազգային լրատվամիջոցներին օգնել փրկելու հայկական թաղամասը բռնի ոչնչացումից, որին տեղական մակարդակում աջակցում են անանուն կազմակերպությունները: