Մի շարք հզոր պայթյուններ են տեղի ունեցել Կիեւում, Դնեպրում, ինչպես նաեւ Ուկրաինայի Օդեսայի, Խարկովի, Խմելնիցկիի, Նիկոլաեւի եւ Լվովի մարզերում: Դրա մասին դեկտեմբերի 29-ին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։
Առնվազն վեց պայթյուն է որոտացել Խարկովում: Խարկովին հասցված հարվածների հետեւանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 8-ը վիրավորվել են: Ըստ քաղաքապետարանի՝ Խարկովի քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես, բուժհաստատություններին, պահեստներին, քաղաքացիական ձեռնարկություններին եւ այլն լուրջ վնասներ են հասցվել։
Ըստ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի՝ քաղաքի վրա հարձակումների երեք ալիք է եղել: Խարկովի մարզի ոստիկանապետ Վլադիմիր Տիմոշկոն իր հերթին հայտնել է, որ Խարկովի Կիեւսկի շրջանում հիվանդանոցի շենք է վնասվել։
Suspilne-ի տեղեկություններով՝ պայթյունների հետեւանքով Դնեպրում այրվել է քաղաքի առեւտրի կենտրոններից մեկը։
Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտնել է, որ քաղաքի Պոդոլսկի շրջանում պահեստ է այրվում, իսկ Կիեւի Սվյատոշինսկի շրջանում բեկորներ են ընկել: Ավերածությունների մասին տեղեկությունը ճշտվում է։