«Մենք ունենք հոսող գետերի 7,3 մլրդ խմ ջուր, որից օգտագործում ենք 2,3 մլրդը, 5 մլրդը հոսում է մեր տարածքից դուրս՝ Արաքսով, Դեբեդով, եւ բոլորը Քուր-Արաքս համակարգով թափվում են Կասպից ծովը։
Դեբեդ գետից տարեկան 1,1 մլրդ խմ ջուր քիչ ենք օգտագործում, քանի որ այնտեղ ջրամբար չունենք։ Որոտանից տարեկան 700 մլն խմ գնում է մեր սահմաններից դուրս։ 337 մլն խմ Աղստեւ գետով Ղազախի տարածաշրջանով է դուրս հոսում։ Արփի գետով 723 մլն խմ է հոսում, այդտեղ Հերհեր վտակի վրա ունենք 26 մլն խմ տարողության մի ջրամբար, որը նոր ուզում ենք օգտագործել»,- հերթով թվարկում է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանը:
Տարիներ շարունակ ջրի խնդիրը Հայաստանում սուր է եղել, չի բավականացրել ոռոգման համար: Բայց այն առաջիկայում ավելի է սրվելու, քանի որ Թուրքիան վերջին տասը տարիներին իր տարածքում` Արաքս գետի եւ վտակների վրա, խոշոր ջրամբարներ է կառուցել եւ կառուցում: Կարսում արդեն ավարտել է 590 մլն խմ տարողության Քարակուրթի ջրամբարը: Ջրամբարի վրա կառուցվում է նաեւ ՀԷԿ: Արդյունքում Ախուրյան լցվող ջրի ծավալը կտրուկ նվազել է: «Այս տարի արդեն մինուս 114 մլն խմ է»,- ասում է Ջավադյանը:
Հաջորդ խոշոր ջրամբարը կառուցվում է Հայաստանի սահմանին բավականին մոտ՝ Իգդիրի նահանգի Թուզլուջա շրջանում՝ Իգդիր գետի վրա։ Թուզլուջայի ջրամբարում կամբարվի 190 մլն խմ ջուր, եւ այդքան ջուր չի հոսի մայր գետը։ Այս ջրամբարի վրա նույնպես ՀԷԿ է կառուցվելու (նախագիծը գնահատվում է 350 մլն ԱՄՆ դոլար)։
Հայաստանի հետ սահմանային շրջանում Թուրքիան պատրաստվում է ոռոգելի դարձնել 47 հազար հա հողատարածք, որպեսզի ի վերջո դրանք մշակի: Այդ հողերը մինչեւ հիմա չեն մշակվել, արոտավայրեր են եղել: Իհարկե, Թուրքիան այդ հողերը մշակելի եւ ոռոգելի չի դարձնում այնտեղ բնակվող քրդերի համար, նպատակը գյուղատնտեսական մեծ ծրագրեր իրականացնելն է: Հայտնի է, որ այդ երկիրը գյուղատնտեսական ապրանք է մատակարարում ողջ Եվրոպային եւ ոչ միայն: «Մեզ ասում էին՝ մենք էլ ենք ուզում ձեզ նման մշակել»,- ասում է Ջրային կոմիտեի կազմում գործող «Ջրառ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Էդուարդ Սարգսյանը:
Ինչու չէ, Թուրքիայի նպատակն է նաեւ Հայաստանին ջրազրկելը։ Այդպիսով այդ երկիրը պատերազմ է վարում Հայաստանի դեմ նաեւ ջրային ոլորտում եւ ծրագրում է Արաքս գետի ավազանում կառուցել 14 ջրամբար։ Դրանցից մեկը, ինչպես նշեցինք, Իգդիրի նահանգում, 4-ը՝ Էրզրումում, 9-ը՝ Կարսի նահանգում։ Ջավադյանն ասում է՝ Արաքսի եւ նրա վտակների ջրային ռեսուրսը կազմող տարեկան 2 մլրդ 75 մլն խմ-ից այս ջրամբարները վերցնելու են 1,8 մլրդը: Այդպիսով Թուրքիան մեր երկրին սահմանամերձ հատվածում ոչ միայն գյուղատնտեսություն եւ հիդրոէներգետիկա է զարգացնելու, այլեւ փակելու է Հայաստան հոսող ջուրն ու ջրազրկելու է մեր գյուղատնտեսությունը արաքսամերձ հատվածներում: Այնպես որ մի քանի տարի հետո Հայաստանը կանգնելու է ջրի շատ լուրջ խնդրի առաջ: «Երկու-երեք տարի հետո մենք կունենանք ջրի դեֆիցիտ մոտ 80 տոկոս»,- ասում է նա։
Մենք ելքը պետք է գտնենք
Հայաստանն ունի 82 ջրամբար, որտեղ կուտակում է մոտ 1,4 մլրդ խմ ջուր: Ջրամբարներից 6-ն օգտագործում է էներգետիկ, մյուսները՝ ոռոգման նպատակներով։ Էներգետիկ նշանակություն ունեցող խոշոր ջրամբարներից են Սպանդարյանը` 253 մլն խմ, Տոլորսը` 90 մլն խմ, Շամբը`18 մլն խմ, ինչպես նաեւ Անգեղակոթը, Ախպարան ու Արգելը: Առաջին չորս ջրամբարներն օգտագործվում են Որոտանի կասկադի, մյուս երկուսը` Սեւան-Հրազդան կասկադի համար: ՀԷԿ-երին սպասարկող այս ջուրն էլ ի վերջո օգտագործվում է ոռոգման նպատակով: Բայց 1,4 մլրդ խմ-ը հարաբերական քանակ է, քանի որ, ինչպես նախորդ հոդվածում էինք նշել, Հայաստանի ամենամեծ` հայ-թուրքական սահմանին կառուցված 525 մլն խմ տարողունակության Ախուրյանի ջրամբարն օգտագործվում է Թուրքիայի հետ միասին` 50/50 համամասնությամբ: Բացի այդ՝ վերջին տարիներին ամբողջությամբ չի լցվում:
Ջավադյանն ասում է՝ մենք կարող ենք այդ աղետից խուսափել, եթե ինքներս ջրամբարներ կառուցենք եւ մեր ջուրը կուտակենք, որպեսզի դուրս չհոսի: Գործող ջրամբարներից զատ այժմ աշխատանքներ են տարվում Վեդիի ջրամբարի կառուցումն ավարտին հասցնելու ուղղությամբ, այն կարող է կուտակել մոտ 30 մլն խմ ջուր: Հեռանկարում է նաեւ Կապսի ջրամբարի կառուցումը, որը առաջին փուլում պետք է ունենա 25 մլն խմ տարողություն, հետո ընդլայնվի մինչեւ 60 մլն խմ: Այս ջրամբարի կառուցումը սկսվել էր դեռեւս խորհրդային տարիներին, բայց ավարտին չի հասցվել: Կառավարությունն այս ջրամբարի կառուցման ծրագիրը հաստատել է անցած տարի: Ծրագրի իրականացման համար ֆինանսավորում է տրամադրել գերմանական KFW բանկը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց, թե «մենք քաղաքականություն պետք է մշակենք, որ ՀՀ-ում պետք է ջրամբարաշինության ծավալուն ծրագիր իրականացվի, եւ մենք ջուրը պետք է ամբարենք»։
Ջավադյանը նաեւ հավելում է, որ ուսումնասիրված է մոտ 70 ջրամբար կառուցելու հնարավորություն, որտեղ կարելի է հավաքել 1 մլրդ խմ ջուր: Կա դեռեւս չուսումնասիրված նաեւ 45 ջրամբարների հնարավորություն, որոնք կարող են կուտակել 340 մլն խմ ջուր:
Ուսումնասիրվածներից մեկի ու ամենամեծի տեղանքը դարձյալ Թուրքիայի սահմանին է` Սուրմալուի տարածքում, որը կարող է ունենալ մոտ 600 մլն խմ տարողություն։ Խորհրդային տարիներին անգամ դա կառուցելու համար փաստաթուղթ են ստորագրել Թուրքիայի հետ:
Նախատեսվում էր, որ ջրամբարի վրա յուրաքանչյուր կողմում պետք է կառուցվի նաեւ մեկական ՀԷԿ: ՀԷԿ-երի հետ միասին կառուցման համար անհրաժեշտ է 270 մլն ԱՄՆ դոլար: Ջավադյանն ասում է, որ դա նման հզորություն ունեցող ջրամբարի համար շատ ցածր գին է, 1 խմ ջրի հավաքելը կարժենա ընդամենը 48 ցենտ այն դեպքում, երբ ՀՀ տարածքում կառուցվելիք միջին եւ խոշոր ջրամբարների համար այն կկազմի 1 ԱՄՆ դոլար, իսկ փոքրերի դեպքում` 4,5-10 ԱՄՆ դոլար։
«Տարողունակությունն էր մեծ, պատվարի չափն էր փոքր, տեղանքը շատ հարմար էր։ Դա իրենց համար էլ շատ ձեռնտու էր: Այնքան էժան էր, որ ցանկացած պետություն, եթե չէր ցանկանում հարեւանների նկատմամբ հանցագործություն անել, այդ նախագծին կհամաձայներ։ Բայց չուզեցին, որովհետեւ 50 տոկոսը մենք պետք է օգտագործեինք։ Այն ժամանակվանից մինչեւ հիմա նախագիծը շրջանառության մեջ եմ դրել, ուղարկում եմ միջնորդ կազմակերպություններին, բայց մոտ չեն գալիս»,- ասում է Ջավադյանը:
ՀՀ-ն ինքնուրույն չի կարող կառուցել, նման միջոցներ չունի, իսկ դոնոր կազմակերպություններն էլ վարկ կտան, եթե Ադրբեջանն ու Թուրքիան իրենց համաձայնությունը տան, քանի որ Արաքսը հոսում է երեք երկրների սահմաններով: Նրանք համաձայնություն չեն տալիս:
Վերջինս նաեւ ասում է, որ անցած տարի մեր ոռոգման սեզոնին Թուրքիան Արաքսի վրա կառուցված որեւէ ՀԷԿ մտածված չաշխատեցրեց, որպեսզի ջուրը կուտակի իր ջրամբարներում ու բաց չթողնի, որ լցվի Ախուրյան ջրամբարը։ Աշխատեցրեց այն ժամանակ, երբ ջուրը մեզ պետք չէր: Ասում է՝ այս տարի էլ չեն տա։
Ի դեպ, Արաքսի ջրերը 50/50 հարաբերակցությամբ օգտագործելու համար մոտ հարյուր տարի առաջ՝ 1927 թվականին, Խորհրդային Միությունն ու Թուրքիան պայմանագիր են ստորագրել։ Դա սահմանային գետերի եւ գետակների մասին կոնվենցիա է, որը վերաբերում է միայն սահմանային ջրերին: Այն այսօր էլ ուժի մեջ է, բայց Թուրքիան խախտում է պայմանները։
Ջավադյանն ասում է՝ վարչապետին նամակ է գրել, որ հարկավոր է միջազգային բոլոր հարաբերությունների ժամանակ այդ մասին խոսել, բայց, միեւնույնն է, չի հավատում, որ Թուրքիայի վրա որեւէ ճնշում կլինի, կամ լինելու դեպքում էլ այն կազդի։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։