Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը դեկտեմբերի 29-ին դատապարտել է նախօրեին Երուսաղեմի Հայոց պատրիարքության եւ հայ համայնքի նկատմամբ բռնությունները։ Մայր աթոռը հայտարարություն է տարածել` հույս հայտնելով, որ Իսրայելի իշխանություններն իրավաչափորեն կարձագանքեն պատրիարքության եւ հայ համայնքի նկատմամբ դրսեւորված հանցավոր գործողություններին։
«Ակնհայտ է, որ սադրիչները հերթական անգամ փորձում են ահաբեկության, սպառնալիքների ու բռնի գործողությունների միջոցով հասնել «Կովերի պարտեզ» կալվածքի յուրացմանը՝ ոտնահարելով օրենքով սահմանված ընթացակարգերը։ Հուսով ենք` մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, եւ կբացառվի նմանօրինակ դեպքերի կրկնությունը»,– ասված է հայտարարությունում։
Մայր աթոռը զորակցություն է հայտնել Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությանը եւ հայ համայնքին։