ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամփոփել է հանրապետությունում գործող ձկնաբուծարաններում աճեցված ձկան որակի նկատմամբ խիստ վերահսկողության անասնահամաճարակային մշտադիտարկման արդյունքները:
Ձկնաբուծական տնտեսություններում կիրառվող բոլոր՝ թե՛ ներմուծված եւ թե՛ տեղական արտադրության տարբեր հասակային խմբերի համար նախատեսված կերերը ունեցել են համապատասխանության սերտիֆիկատներ, եղել են մակնշված, փորձաքննությունների անցկացման նպատակով իրականացվել է ձկան նմուշառում:
Արդյունքներով խախտումներ եւ անհամապատասխանություններ են հայտնաբերվել ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերի 85 ձկնաբուծարաններում (Արարատի՝ 60, Արմավիրի՝ 12, Արագածոտնի՝ 1, Գեղարքունիքի՝ 5, Կոտայքի՝ 4, Շիրակի 2 եւ Վայոց ձորի՝ 1):
Իրականացված միջոցառումների ընթացքում Արարատի եւ Արմավիրի մարզերում մանրէաբանական ցուցանիշներով հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) եւ այլեւայլ մակաբուծային եւ ինֆեկցիոն հիվանդություններ։
Այլ տնտեսություններում խախտումներ չեն հայտնաբերվել: Հայտնաբերված հիվանդությունների եւ շեղումների վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին Տեսչական մարմնի տեսուչների կողմից տրվել են ցուցումներ, խորհուրդներ հիվանդությունների դեմ պայքարի եւ կանխարգելման, ինչպես նաեւ պարբերաբար ախտահանություններ իրականացնելու վերաբերյալ։