Շատերը լսած կլինեն ամերիկյան «Քարտե տնակ» (House of cards) սերիալի մասին, որը ներկայացնում է ամերիկյան քաղաքական համակարգի էությունը, այն խարդավանքները, իշխանության ձգտման հետ կապված գործողությունները, երկերեսանիության դրսեւորումները, կոլաբորացիոնիզմը, անբարոյականությունը եւ այլ զազրելի երեւույթները, որոնք, իհարկե, միայն Միացյալ Նահանգներում չեն, տարածված են ամենուր (մեր տառապյալ հայրենիքն էլ բացառություն չէ)։
Սերիալի գլխավոր դերում Ֆրենկ Անդերվուդն է (Կեւին Սփեյսի), ով կուսակցական կազմակերպչից խարդավանքների շնորհիվ կարողացավ հասնել նախագահի պաշտոնին, սակայն, նախագահի պաշտոնում լինելով, շարունակեց տիկնիկավարի նման մանիպուլացնել բոլորին։
Նա տաղանդավոր էր, խելացի, նույնիսկ ամենազորեղ քաղաքական գործիչն էր Նահանգներում։ Լավ էր ճանաչում մարդկանց, նրանց ձգտումները, կրքերը, հոգու սպիացած վերքերը, սակայն օգտվում էր այդ ամենից։ Կարելի է ասել, որ նա Պարետոյի սահմանած լիդեր-աղվեսների շարքից էր։ Սակայն իշխանության այսօրինակ ձգտումը ցնցեց ամբողջ համակարգը՝ համարյա փոշիացրեց, եւ հենց համակարգն էլ ի վերջո նրան հոշոտեց։
Նա ուներ կին, որը չէր տարբերվում իր ամուսնուց եւ որքան նրա կողքին էր, այդքան էլ նրա դեմ. այն ի վերջո դարձել էր երկիշխանական կառավարում, որից մնաց միայն կինը՝ Քլեր Հեյլի-Անդերվուդը։
Նրանք մարդկանց վերաբերվում էին որպես խաղալիքի, որոնցից կարելի էր օգտվել։ Հատկանշական է, որ Ֆրենկ Անդերվուդը ծնունդով հարավից էր, որը մինչ քաղաքացիական պատերազմը (1850-1853) ստրկատիրության կողմնակից էր, իսկ նրա նախապապը կռվել էր հենց հարավի կողմից։
Չխորանալով մանրամասների մեջ՝ մի փոքր կուզեի ընդհանրացնել մեր իրականության հետ։ Չեմ էլ ուզում մտնել այն հարցի մեջ, թե քաղաքական գործիչը որքանով պետք է հարմարվի նման համակարգին. որքան էլ որ բարոյական արժեքներ կրող լինի, նմանատիպ միջավայրը անհնար է վերացնել եւ վիճելի է՝ արդյո՞ք նմանատիպ քաղաքական միջավայրը՝ Մաքիավելու ասած, քաղաքականության եւ բարոյականության տարանջատման դրսեւորումն է։
Ցավով պետք է նշեմ, որ մեր ներկա քաղաքական համակարգի լավագույն տիկնիկավարն ու գործիչը Նիկոլ Փաշինյանն է, ով գիտի հասարակության սպիացած վերքերը, գիտի մարդկանց ձգտումները եւ ցանկությունները եւ ի վերջո տիրապետում է մանիպուլյացիայի տաղանդին եւ այս ամենն օգտագործում է իր անձնական շահի համար։
Նա քաղաքական դաշտը հարմարեցրել է իրեն եւ շատ լավ է խաղում այդտեղ, հավասարը չունի եւ ՀՀ պատմության մեջ միակ ղեկավարն է, որն ունի այսպիսի կենտրոնացված իշխանություն։ Կարելի է ասել՝ այս առումով նա ՀՀ լավագույն քաղաքական գործիչն է։
Սակայն մի բան կա, որում նա չի կարող համեմատվել Անդերվուդների հետ. վերջիններս դիլետանտ չէին արտաքին աշխարհին վերաբերող հարցերում եւ լավ էին կարողանում նավարկել եւ օգտագործել այդ աշխարհը նույնիսկ իրենց անձնական շահերի համար, թեեւ ընթացքում նրանք էլ մեծ սխալներ թույլ տվեցին։ (Ի դեպ, սերիալում ՌԴ նախագահ Վիկտոր Պետրովը իր խառնվածքով եւ կենսագրությամբ բավական նման է Վլադիմիր Պուտինին)։
Նիկոլ Փաշինյանն այն երկրի ղեկավարը չէ, որ թույլ տա իրեն խաբել աշխարհի մեծերին, մանավանդ որ նա մեծ կախում ունի աշխարհաքաղաքական վեկտորներից, եւ նրա ապագան կախված է հենց այդ վեկտորների տված երաշխիքներից։
Արտահերթ ընտրությունների անցկացումը միայն ժամանակի հարց է, քանի որ արտաքին աշխարհում եւ Հայաստանի սահմաններում շարունակվող անկայունությունը, Ադրբեջանի հետ «խաղաղության» գործընթացը ազդելու են փոփոխությունների վրա։
Ըստ իս, որպեսզի այս ընտրությունները չլինեն փրկօղակ, պետք է ձեւավորվի արտախորհրդարանական ուժերի դաշինք, որը ռացիոնալ կընկալի երկրին մոտեցող աղետը, չի տանի արկածախնդրության, «հին ու նոր» համակարգի հակառակորդ չէ եւ չի լինի վեկտորների սպասարկու։
Փաշինյանի փրկօղակ սեգմենտն էլ արեւմտամետ գործիչների ու փորձագետների դաշտն է, որն արդեն կամաց-կամաց դիրքավորվում է որպես ընդդիմադիր ու սվիններով է դիմավորում Փաշինյանի «անպատրաստակամ» քաղաքականությունը Ռուսաստանի հարցում։
Փաշինյանը, միեւնույնն է, որեւէ քայլ չի կարող անել Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու համար, սակայն հարցական է, թե Հայաստանի անվտանգության համակարգի ապագայի նկատմամբ ինչ մոտեցում կունենան հաջորդ իշխանությունները։
Վերջիվերջո հարցական է՝ Հայաստանի «Անդերվուդների» քաղաքական, ֆինանսական, փորձագիտական «նոտաբլների» հենարանը՝ իր արդեն ունեցած ճաքերով, կուսակցության հետ միասին կմնան նրանց կողքի՞ն, թե՞ ոչ։
Խորհդարանական ընդդիմության հակավարկանիշի մարտավարությունն արդեն մաշվում է, քաղաքական եւ կուսակցական համակարգը գնում է փոփոխությունների։
Սակայն կա մի ցավալի խնդիր. մեր հասարակությունը ընտրելու է անձերի։ Հասարակության համար ընտրությունը եղել է միշտ անձնավորված, նրանք չեն ընտրում անձի եւ նրա քաղաքական թիմի ծրագիրը։ Ինչպես ասել է սերիալի հերոսներից, գրող Թոմաս Յեյթսը. «Ոչ ոքի հետաքրքիր չէ գաղափարը։ Բոլորին հետաքրքիր է անձը՝ տարված գաղափարով»։
Այսպիսով ավարտվեց շատ ծանր 2023 թվականը, հուսով եմ գալիք 2024-ի դժվարությունները հաղթահարելի կլինեն մեր պետության համար, եւ կլինեն դրական փոփոխություններ։
Բոլորիս խաղաղություն։
Արմեն Մկրտչյան