Հայաստանում միայն մեկ անգամ՝ 2003-ին են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացվել նույն տարում: Նախագահի ընտրության համար պահանջվեց երկու փուլ: Ժողովրդի ընկալման մեջ այդ ընտրությունները համարվել են ամենից անարդարներից: Ռոբերտ Քոչարյանի` երկրորդ ժամկետով մնալը նախագահի պաշտոնում այն աստիճան էր վիճարկելի, որ Սահմանադրական դատարանը վստահության հանրաքվե անցկացնելու վճիռ կայացրեց:
Միջազգային կազմակերպությունները երկու ընտրություններն էլ որակեցին կեղծված: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը իր դիտորդական եզրակացության մեջ նշեց, որ ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Միջազգային դիտորդներին հատկապես զարմացրել էր այն, որ ընտրատեղամասերի փակվելուց առաջ կես ժամվա ընթացքում ընտրողների մասնակցությունը շեշտակի աճել էր՝ 43-ից հասնելով 51 տոկոսի:
Հատկապես նախագահական ընտրությունների օրինականության շուրջ աղմուկն ու ցասումն այնքան մեծ էին, որ Քոչարյանն ու նրա թիմը համաձայնեցին երկրորդ փուլին, թեեւ նրա կրնկի տակ գտնվող Հ1-ը հայտարարում էր 51 տոկոսի եւ առաջին փուլով հաղթելու մասին: Ժողովրդի՝ փողոց դուրս գալու հետ միաժամանակ ԿԸՀ-ն եւ Հ1-ը իջեցնում էին Քոչարյանի տոկոսները եւ ի վերջո կանգնեցին 49.5 տոկոսի վրա:
Երբ ընտրությունների առաջին փուլից հետո ԱՊՀ-ի եւ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունների եզրակացությունները տրամագծորեն հակադրվեցին, Քոչարյանի շտաբի պետ Սերժ Սարգսյանը դա բացատրեց հետխորհրդային երկրների ավանդույթներով եւ ազգային մենթալիտետով: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի «Դիտորդ» տեղեկագիրն այս առիթով գրեց. «Փետրվարի 19-ին արձանագրված բոլոր կեղծիքները` արված գործող նախագահի օգտին, ոչ թե մենթալիտետից բխող ինքնաբուխ արարքներ են, այլ բավական ընդհանրական եւ մեծ ծավալների հասնող գործողություններ»:
Իրավական տեսանկյունից վիճահարույց էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նշանակումը Քոչարյանի նախընտրական շտաբի պետի պաշտոնում: Թեեւ նա եռամսյա արձակուրդ էր վերցրել, սակայն այդ ընթացքում պաշտոնական պատվիրակության կազմում այցելեց Ռուսաստան, ընդունեց Հայաստան այցելած բարձրաստիճան պաշտոնատար անձանց:
Ուժային կառույցներից (բանակ, ոստիկանություն, ԱԱԾ) բացի՝ Քոչարյանին աջակցում էին Հանրապետականը, Օրինաց երկիրն ու Դաշնակցությունը: Հենց այս երեք ուժերն էլ մայիսի 25-ին կայացած եւ կեղծված խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորեցին Հայաստանի պատմության մեջ առաջին կոալիցիան:
Եթե 1998-ին Քոչարյանի հիմնական մրցակիցը Կարեն Դեմիրճյանն էր, ապա 2003-ին ասպարեզում եւ փողոցում նրա որդին էր՝ Ստեփանը։ Նա առաջին փուլում ստացավ քվեների ավելի քան 28 տոկոսը:
Ընտրություններից տասն օր առաջ իր թեկնածությունը հօգուտ Ստեփան Դեմիրճյանի հանեց եւ ընտրապայքարից դուրս եկավ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: «Հավատարիմ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի պայծառ հիշատակին, «Միասնություն» դաշինքի գաղափարախոսությանը, ժողովրդի պահանջարկին, այսուհետ «Հանրապետություն» եւ ՀԺԿ կուսակցությունները հանդես են գալու միասնաբար»,- հայտարարեց Սարգսյանը՝ կոչ անելով մյուս կուսակցություններին ընդունել դա որպես համախմբման եւ միավորման քայլ «ընդդեմ անօրեն իշխանության»:
Ընտրությունների առաջին փուլում Դեմիրճյանին պաշտպանեցին նաեւ Հայաստանի առաջին արտգործնախարար, ԿԸՀ-ի կողմից չգրանցվելու հետեւանքով ընտրապայքարից դուրս մնացած Րաֆֆի Հովհաննիսյանը, Սոցիալ-դեմոկրատական եւ Սոցիալ-դեմոկրատ (հնչակյան) կուսակցությունները, Սոցուժերի եւ մտավորականների միությունը:
Ականապատ տարածք ընդդիմադիր դաշտում
Նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը զբաղեցրեց Արտաշես Գեղամյանը՝ առաջին փուլում ստանալով քվեների 17 տոկոսը: Ազգային միաբանություն կուսակցության նախագահի օգտին իր թեկնածությունը հանեց Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Վլադիմիր Դարբինյանը: Կոմունիստների կեցվածքը գուցե տրամաբանական էր, քանի որ նրանք պաշտպանում էին նախկին կոմունիստի, ով Հայաստանի անկախության նախօրեին զբաղեցրել էր Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Փոքր-ինչ անտրամաբանական էր ԱԻՄ-ի առաջնորդ Պարույր Հայրիկյանի քայլը: Խորհրդային տարիների այլախոհը իր թեկնածությունը հանեց հօգուտ Գեղամյանի:
Գեղամյանը հայտարարեց, որ «Նենգության, կեղծիքներ կատարելու մեջ… Ռոբերտն ու Սերժը մաեստրո են: Եթե օլիմպիադա լինի համաշխարհային ընտրությունների արդյունքը կեղծելու, առաջինն ու երկրորդը կլինեն Ռոբերտն ու Սերժը: Դրանց մակարդակի կեղծիքներ անող բնությունը չի ծնել»:
Իրականում ե՛ւ Գեղամյանը, ե՛ւ Հայրիկյանը անուղղակի կերպով պաշտպանում էին Քոչարյանին: Գեղամյանը հայտարարեց, որ եթե ընտրությունները օրինական լինեին, ապա ինքը երկրորդ փուլում կպաշտպաներ ընդդիմադիր թեկնածուին: Սակայն քանի որ խայտառակ խախտումներ են գրանցվել, երկրորդ փուլին համաձայնելը կնշանակի «լեգիտիմացնել» Քոչարյանի ստացած կեղծ քվեները:
Մի քանի օր անց մեկ այլ ասուլիսում Գեղամյանը պահանջեց չեղյալ հայտարարել առաջին փուլի արդյունքները եւ անցկացնել ազատ, արդար, օրինական ընտրություններ: Ընդդիմության շրջանում կասկածներ կային, որ Գեղամյանը կեղծ ընդդիմություն է կամ, ինչպես մի առիթով ասել էր Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, ընդդիմության դաշտում ական է:
Որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանը գրեթե բացահայտ կերպով ընդունեց, որ Գեղամյանը խաղի մեջ է մտել Դեմիրճյանից ձայներ տանելու նպատակով: Իսկ երբ Գեղամյանը «բացահայտեց», որ Սերժ Սարգսյանը մեծ գումար է իրեն առաջարկել, վերջինս հեգնեց, որ Գեղամյանը իրեն շատ է թանկացնում եւ մեկ զրո ավել ասում:
Քվեարկությունը դեռ չէր ավարտվել, երբ նախագահի ինը թեկնածուներից վեցը՝ Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Գառնիկ Մարգարյանը եւ Արամ Կարապետյանը, կասկածի տակ առան ընտրությունների ընթացքը` համատեղ հայտարարությամբ նշելով, որ «գործող վարչակազմը, կանխավ համաձայնության գալով առանձին քաղաքական ուժերի, թաղային հեղինակությունների եւ օլիգարխների հետ, ընտրությունները վերածեց նախօրոք ծրագրված շինծու արդյունքների վավերացման խայտառակ գործընթացի»:
Առաջին փուլում Կարապետյանը զբաղեցրել էր չորրորդ տեղը՝ առաջ անցնելով նաեւ Վազգեն Մանուկյանից, որը չէր ստացել անգամ քվեների 1 տոկոսը: 2003-ի ընտրական գործընթացներում ամենաճչացող ապօրինություններից էր այն, որ մերժվեց Կարապետյանի գրանցումը խորհրդարանական ընտրություններում: Պարզվեց, որ նա վերջին հինգ տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում, թեեւ նա շաբաթներ առաջ որպես նախագահի թեկնածու մասնակցել էր նախագահական ընտրություններին:
Ի դեպ, առաջին անգամ տեղի ունեցավ հեռուստաբանավեճ Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ, որի ընթացքում լրագրողները բացահայտ միակողմանի էին՝ հօգուտ Քոչարյանի եւ ընդդեմ Դեմիրճյանի:
Ուշագրավ էին Շիրակի մարզի Ձորակապ եւ Տավուշի Զորական գյուղերի ընտրությունները: Ձորակապում Քոչարյանը ստացավ զրո ձայն, իսկ Զորականում բոլորը քվեարկեցին Քոչարյանի օգտին՝ բացառությամբ մեկ հոգուց, որը, պարզվեց, ուղղակի սխալվել է:
Ժողովուրդը դուրս է գալիս փողոց, իշխանությունը դիմում է բիրտ ուժի
Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առաջին փուլի հաջորդ օրը հազարավոր ընտրողներ հավաքվեցին Մատենադարանին հարող տարածքում` բողոքելով կատարված կեղծիքների եւ բռնարարքների դեմ: Նրանք երթ կազմակերպեցին դեպի ԿԸՀ` վանկարկելով, որ չեն ընդունելու ընտրությունների պաշտոնական արդյունքները: ԿԸՀ-ն, դեռեւս նախնական արդյունքների հրապարակման ժամկետը չլրացած, հայտարարեց ընտրությունների երկրորդ փուլի մասին:
Ընտրությունների առաջին փուլից հետո ընդդիմությունը ժողովրդին դուրս բերեց փողոցներ, ինչին հետեւեցին զանգվածային ձերբակալություններ: Ըստ տարբեր տվյալների՝ բերման են ենթարկվել 170-400 ցուցարար եւ ակտիվիստ: Որոշ դեպքերում, չկարողանալով ձերբակալել հետապնդվող մարդուն, ոստիկանությունը պատանդ է վերցրել նրա հարազատներին: Հերթական հանրահավաքից հետո Դեմիրճյանի վստահված անձ Աբրահամ Կարապետյանի` վեց ամսական հղի դստերը ոստիկանները պատանդ են տարել ոստիկանական բաժանմունք` պահանջելով, որ նրա փոխարեն ներկայանա փախուստի մեջ գտնվող հայրը:
Նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո ծայր առած զանգվածային ձերբակալություններն ու վարչական կալանքները նպատակ էին հետապնդում վախի մթնոլորտ ստեղծելու: Առաջին փուլից հետո ձերբակալվածները հիմնականում ազատ արձակվեցին քվեարկության երկրորդ փուլի նախօրեին եւ հնարավորություն չունեցան լիարժեք մասնակցելու նախընտրական աշխատանքներին: Ընտրությունների երկրորդ փուլի օրը եւ հետագայում ձերբակալվածների թիվն աճեց հիմնականում այն վստահված անձանց ու դիտորդների հաշվին, որոնք առավել ջանասիրաբար էին ձեռնամուխ եղել ընտրությունների օրինականությունը վերահսկելու գործին, գրեց «Դիտորդը»:
Բերման էին ենթարկվում առանց հիմնավորումների: Հանրահավաքներին նախորդող օրվանից խափանվում էր մարզերից դեպի Երեւան երթեւեկությունը, որպեսզի դրանք մարդաշատ չլինեն: Երբեմն վարորդներին էին սպառնում: Ընտրությունների առաջին փուլից հետո միջազգային կազմակերպությունները լուրջ մտահոգություն հայտնեցին վարչական կալանքների կապակցությամբ: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես եկավ վարչական կալանքի ենթարկվածներին ներում շնորհելու միջնորդությամբ:
Դեմիրճյան. Քոչարյանը օրինական նախագահ չէ
Ընտրությունների երկրորդ փուլում տեղ գտան նույն խախտումները, որոնք նկատվել եւ արձանագրվել էին առաջին փուլում. լցոնումներ, կողմնակի անձանց ներկայություն տեղամասերում, նրանց կողմից քարոզչություն, ընտրողների կամքի վրա բռնանալու դեպքեր, զինվորականների բաց քվեարկություններ, ուրիշի, բացակայողների եւ մահացածների փոխարեն քվեարկություններ, «կարուսել», վստահված անձանց եւ դիտորդների իրավունքների ոտնահարումներ, կեղծումներ ու նենգափոխումներ ձայների հաշվարկման ընթացքում:
Ընտրությունների երկրորդ փուլից հետո ընդդիմությունը շարունակեց հանրահավաքներն ու ցույցերը: Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ եթե ընտրություններն արդար լինեին, ապա առաջինը ինքը կշնորհավորեր հաղթողին: «Ես մերժում եմ կեղծիքն ու սուտը: Կարելի է հաղթել ընդամենը մեկ տոկոս կամ նույնիսկ կես տոկոս առավելությամբ, բայց հաղթել ազնիվ եւ լինել լեգիտիմ: Եվ կարելի է ոչ թե 40, այլ 80 տոկոս առավելությամբ հաղթել եւ չլինել օրինական»:
Բուշը նամակ էր գրել, բայց չէր շնորհավորել Քոչարյանին
Երկրորդ փուլից հետո Բաղրամյան 26-ը հաղորդագրություն տարածեց, որ նախագահի պաշտնում վերընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Նախագահականը, սակայն, ուղերձի տեքստը չէր հրապարակել:
Իրականում Բուշը ուղերձ հղել, սակայն ոչ թե շնորհավորել, այլ հիասթափություն էր հայտնել, որ «Հայաստանը բաց է թողել ժողովրդավարական ընտրություն անցկացնելու հնարավորությունը»: Դա հայտնի դարձավ, երբ Միացյալ Նահանգներում լույս տեսնող The Armenian Reporter թերթը տպագրեց Բուշի ուղերձը, որում մասնավորապես ասվում էր. «Բարեկամության ոգով ես կիսում եմ ԵԱՀԿ-ի եւ այլ դիտորդների հիասթափությունը, որոնց դիտարկումներով Հայաստանը բաց է թողել ժողովրդավարական ընտրության օրինակ դառնալու հնարավորությունը: Ձեր պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածը վերահաստատում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ կմնա ժողովրդավարական, շուկայական ուղղվածություն ունեցող եւ բարգավաճ Հայաստանի զարգացմանը: Վստահ եմ, որ մեր երկրների ու ժողովուրդների կապերը կշարունակեն ամրապնդվել»:
Վստահության չկայացած հանրաքվե
Նախագահական ընտրություններում երրորդը ճանաչված Արտաշես Գեղամյանը փետրվարի 27-ին դիմեց Սահմանադրական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել առաջին փուլի արդյունքները, քանի որ, ըստ նախագահի թեկնածուի, ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում խախտվել են Հայաստանի ընտրական օրենսգրքի շուրջ հինգ տասնյակ հոդվածներ: Սահմանադրական դատարանը մարտի 24-ին մերժեց հայցը:
Սահմանադրական դատարան դիմեց նաեւ Ստեփան Դեմիրճյանը` նույնպես ընտրությունները անվաներ ճանաչելու հայցով: Դիմումի յոթ կետերով եւ շուրջ 1600 էջից բաղկացած կից փաստաթղթերով ներկայացվել էին արձանագրված 417 ընտրական տեղամասերի վերաբերող տարատեսակ խախտումներ: Դեմիրճյանը Սահմանադրական դատարանին խնդրել էր պատասխանել այն հարցին, թե եթե Արցախը Հայաստանի մաս է, ապա ինչո՞ւ այնտեղ ընտրատարածքներ չեն ստեղծվել, սահմանափակվել է Արցախի ժողովրդի ընտրելու իրավունքը, եթե ոչ, ապա Քոչարյանը նախագահ ընտրվելու իրավունք ունե՞ր:
Ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանը մերժեց Դեմիրճյանի` մարտի 5-ի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջը, սակայն առաջարկեց մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե:
Սահմանադրական դատարանի որոշումից հետո կրքերը հանդարտվեցին: Սակայն, մյուս կողմից, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, վստահության հանրաքվեի որոշումը դանդաղ գործողության ական էր: Ուղիղ մեկ տարի անց ընդդիմադիր առաջնորդներն ու դժգոհ քաղաքացիները դուրս եկան փողոցներ: Քոչարյանի իշխանությունը կոշտ եւ բռնի կերպով խեղդեց ըմբոստության ալիքը` Բաղրամյան պողոտայում ծեծուջարդի ենթարկելով ընդդիմությանը եւ լրագրողներին:
Առաջին կոալիցիան
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները անմիջապես հաջորդեցին կեղծված նախագահական ընտրություններին: Ընդդիմությունը ընտրություններին գնաց հոգնած ու հուսալքված, իսկ հասարակության մի մեծ հատված` հուսախաբ: Հիմնական պայքարը ծավալվեց ոչ միայն իշխանություն-ընդդիմություն հարթությունում, այլև նախագահական ընտրություններում Քոչարյանին աջակցած ուժերի` ՀՀԿ-ի, Օրինաց երկրի եւ ՀՅԴ-ի միջեւ:
Երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին (131 պատգամավոր` 75 համամասնական եւ 56 մեծամասնական ընտրակարգով) մասնակցեցին 21 ուժեր: Հինգ տոկոսի արգելքը հաղթահարեցին 6 կուսակցություն եւ դաշինք: ՀՀԿ-ն ստացավ մոտ 24, ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը` 14, «Օրինաց երկիրը»` 12.5, ՀՅԴ-ն՝ 11.5, իսկ Գեղամյանի «Ազգային միաբանությունը»` գրեթե 9 տոկոս: Հինգ տոկոսի արգելքը հաղթահարեց նաեւ Միավորված աշխատանքային կուսակցությունը:
2003 թվականի հունիսի 12-ին բացվեց Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Նախագահ ընտրվեց 35-ամյա Արթուր Բաղդասարյանը՝ «Օրինաց երկրի» առաջնորդը, տեղակալներ՝ Տիգրան Թորոսյանը ՀՀԿ-ից եւ Վահան Հովհաննիսյանը՝ ՀՅԴ-ից: 2006-ի մայիսի 22-ին Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց հրաժարական: Հունիսի 1-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը:
Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական կուսակցությունները ձեւավորեցին կոալիցիոն կառավարություն:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։