Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ երկրի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան դեկտեմբերի 30-ին հանդիպել է հայկական գերությունից ազատված զինծառայողների հետ:
«Հուսեյն Ախունդովը եւ Աղշին Բաբիրովը օմբուդսմենին պատմել են Հայաստանում իրենց կալանավորման ընթացքում անմարդկային վերաբերմունքի փաստերի մասին: Ադրբեջանի ՄԻՊ-ը խոստացել է, որ զինվորականներին առնչվող հարցերը կբարձրացվեն համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, եւ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն նրանց իրավունքների ապահովման համար»,- նշված է հաղորդագրությունում։
Հայաստանում դատապարտված ադրբեջանցի զինծառայողներ Աղշին Բաբիրովն ու Հուսեյն Ախունդովը մեղադրվում էին Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու համար։ Հուսեյն Ախունդովը դատապարտվել էր նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակցի սպանության համար։ Ագշին Բաբիրովը դատապարտվել էր 11,5 տարվա, Հուսեյն Ախունդովը՝ 20 տարվա ազատազրկման։
Վերաբերմունքի տարբերություն գերության մեջ հայտնված սեփական զինծառայողների հանդեպ
Երկու տարի առաջ՝ 2021-ի դեկտեմբերին, համացանցում հայտնվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութը, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ «գերիներն իր համար արդեն չկան, գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել»։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել էր, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքը կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատել է` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։