Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հունվարի 3-ին հերքել է տեղեկություններն այն մասին, ըստ որի՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտում է սահմանային Արաքս գետը: Դրա մասին Ամիրաբդոլլահիանը հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստի ժամանակ։
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հերքել է Մեծամորի ատոմակայանի շահագործման հետեւանքով Արաքս գետի ցանկացած աղտոտում:
Դեռ 2022 թվականին ադրբեջանական լրատվամիջոցները պնդում էին, թե Մեծամորի ատոմակայանն օրական 12 հազարից մինչեւ 16 հազար խորանարդ մետր ռադիոակտիվ թափոն է լցնում Արաքս գետ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ 1976 թվականին՝ դեռ Խորհրդային Միության օրոք, շահագործման հանձնված Մեծամորի գործարանի առաջին էներգաբլոկի շահագործման ժամկետն ավարտվել է տարիներ առաջ: Սակայն, հարեւան երկրի լրատվամիջոցների պնդմամբ, ամբողջ թափով աշխատող Հայկական ատոմակայանը Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ղազախստանի համար բնապահպանական վտանգ է պարունակում:
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Հայաստանի ատոմակայանը հետեւում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջարկներին եւ ցուցումներին՝ սերտորեն համագործակցելով Գործակալության հետ։ ՄԱԳԱՏԷ-ում վստահ են, որ Հայաստանն ատոմակայանի անվտանգության առումով լուրջ աշխատանք է իրականացնում։
Թուրքիայի խորհրդարանը նախորդ տարվա հոկտեմբերին էլ կոչով դիմել էր ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել Հայաստանում գործող ատոմակայանը փակելու համար: Մեջլիսում նշել էին, որ Մեծամորի ատոմակայանը Թուրքիայի սահմանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա է։