Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համոզմամբ ԼՂ-ի շուրջ եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն։ Նա հավելել է, որ ՌԴ նախագահը եռակողմ պայմանավորվածությունների կատարման այլընտրանքի բացակայության համոզված կողմնակիցն է։
«Այժմ եռանդուն ջանքեր են գործադրվում սահմանին լարվածությունը թուլացնելու եւ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Ստացել է արդյոք Վլադիմիր Պուտինը ռազմական օգնության վերաբերյալ ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի նամակը» հարցին ի պատասխան Պեսկովն ասել, է, որ բոլոր այդ հարցերը բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցով պարբերաբար շփվում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ։