Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է, որ եթե ֆորս-մաժոր տեղի չունենա, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատող համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա 2024-ի սկզբին։ Ըստ նրա՝ դրա խոչընդոտները հիմնականում վերացվել են։
«Փաշինյանի կառավարության ցանկությունը՝ ներգրավել որեւէ երաշխավորի, այնքան էլ անհրաժեշտ չի թվում. ի վերջո փաստաթուղթը շրջանակային է, արձանագրում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան հարաբերություններ կառուցելու կողմերի պատրաստակամությունը եւ չի պարունակում որեւէ դրույթ, որը լրացուցիչ երաշխիքներ է պահանջում մեծ տերություններից»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Մուսաբեկովը։ Նա հիշեցրել է, որ համաձայնագիրը վավերացման ընթացակարգի ավարտից հետո այն, ըստ ամենայնի, կներկայացվի ՄԱԿ եւ կգրանցվի այնտեղ։
Ըստ ադրբեջանցի խորհրդարանականի՝ համաձայնագիրը կարող է ստորագրվել, օրինակ, Թբիլիսիում՝ արտգործնախարարների մակարդակով։ Մինչդեռ Թեհրանում համաձայնագրի ստորագրման տարբերակը, ըստ նրա, անընդունելի կլինի Բաքվի համար, քանի որ Ադրբեջանը նույնիսկ չի վերականգնել այնտեղ իր դեսպանատան աշխատանքը։ Անդրադառնալով Մոսկվան որպես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի տարբերակին՝ Մուսաբեկովը նշել է, որ դա էլ, ըստ ամենայնի, անընդունելի է Երեւանի համար։
«Այս դեպքում ԱԳՆ ղեկավարների ստորագրման վայրը կարող է լինել Ստամբուլը։ Տարածաշրջանի նահանգների նախագահները կարող էին ներկա լինել նաեւ տեսաֆորմատով։ Ավելին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2024-ին Թուրքիա կատարելիք իր այցի մասին: Ինչո՞ւ չհամատեղել այս ամենը»,- եզրափակել է ադրբեջանցի խորհրդարանականը։