Ըստ Europe Elects պարբերականի՝ Ստամբուլի Էկոնոմիկայի հետազոտության կենտրոնը սոցհարցման միջոցով փորձել է պարզել, որ եթե առաջիկայում նախագահական ընտրություններ անցկացվեին, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մրցակցության դեպքում որքան ձայն կհավաքեին նրա քաղաքական ընդդիմախոսները։
Հարցվողների շրջանում համեմատական է անցկացվել Էրդողանի եւ 2023-ին սպասվելիք ընտրություններում նրա հավանական մրցակիցների վարկանիշների միջեւ:
Ըստ հարցման մասնակիցների պատասխանների՝ հաղթելու ամենամեծ շանսն ունի Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը:
Ըստ այդմ, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այսօր կողմ կքվեարկեր ընտրողների 42.1 %-ը, ապա 57.9 %-ը պատրաստ է քվեարկելու Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշի օգտին:
Վերջինից փոքր-ինչ հետ է ընկնում, սակայն դարձյալ Էրդողանին հաղթում է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ 56.3 %: Ազգայնական «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեներին կողմ կքվեարկեր ընտրողների 53.7%-ը, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլու օգտին՝ 47.1%-ը: