Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը Բելգորոդին Ուկրաինայի զինված ուժերի հարվածներն անվանել է ինքնապաշտպանության օրինական միջոց։
«Ուկրաինան իրականացնում է օրինական ինքնապաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան»,- նշել են նախարարությունից։
Բելգորոդի նահանգապետն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական զինուժը գնդակոծել է Բելգորոդի կենտրոնը, քաղաքում հրթիռային վտանգի տագնապ է հնչել, կան զոհեր ու վիրավորներ։ Բացի դրանից՝ տուժել են 37 բազմաբնակարան շենք, 453 բնակարան, երեք մասնավոր տնային տնտեսություն եւ 7 սոցիալական օբյեկտ։
Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի գնդակոծությունից հետո Ռուսաստանը դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու խնդրանքով: