Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հունվարի 4-ին գերմանական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու պատմական պատեհություն է ստեղծվել, սակայն դեռ մի քանի չլուծված հարցեր կան։ Ըստ նրա՝ Բաքուն բարեխղճորեն բանակցում է Երեւանի հետ տարբեր հարթակներում՝ տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու համար:
Հաջիեւը հավելել է, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ տրանսպորտային հաղորդակցության ապահովման հարցում Հայաստանի պարտավորությունների կատարմանը սպասել է մոտ երեք տարի: Ըստ Հաջիեւի՝ Բաքուն պատրաստ է դիտարկելու Կալինինգրադի նման մոդելներ։ Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ Ադրբեջանն աշխատում է նաեւ այլընտրանքային լուծումների ուղղությամբ: Հաջիեւը հավաստիացրել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը տարեկան կավելանա մինչեւ 5 միլիոն տոննա: Միեւնույն ժամանակ Ադրբեջանը Իրանի տարածքով այլընտրանքային երթուղի կկառուցի դեպի Նախիջեւան:
Ադրբեջանի նախագահի խորհրդականը նշել է, որ Հայաստանն իր որդեգրած քաղաքականության պատճառով դուրս կմնա տարածաշրջանային փոխգործակցության նոր նախագծից: Հաջիեւը հավելել է, որ Իրանի տարածքով տրանսպորտային նախագծի իրականացումը չի նշանակում, որ Հայաստանի տարածքով երթուղու հնարավորությունն այլեւս չի դիտարկվի: «Մենք պատրաստ ենք աշխատելու Հայաստանի հետ։ Նախիջեւանի հետ Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունը չի ազդի նրա ինքնիշխանության վրա»,- շեշտել է Հիքմեթ Հաջիեւը: