Կարպիս Փաշոյանն անդրադարձել է հայ ինտելեկտուալի կերպարին՝ անցյալի ու ներկայի, սովետի ու անկախության, Արեւմուտքի ու Ռուսաստանի նկատմամբ տվայտանքի, փիլիսոփայական դեգերումների ու դրանցից մեկում մի տեղ սթրվելու բավիղներում։
Մենք տեսանք, թե ով է միջին վիճակագրական հայ ինտելեկտուալը, այսպես ասենք, համաշխարհային եւ սովորական ազգի խաչմերուկներում։ Իսկ ո՞վ է նա այստեղ՝ Հայաստանում, որպես ինքնօգտագործման, ինքնիրացման մատերիալ, ո՞վ է նա, որի տվայտանքը, այնուամենայնիվ, ավելի շատ ֆրոյդյան հիմքեր ունի, քան, ասենք, հեգելյան։ Ո՞վ է նա Հայաստանի հանդեպ։
Նա ամեն ինչ է՝ ծայրահեղ ազգայնական, թույլից չափավոր աջական եւ կոսմոպոլիտ, մարքսիստ է, մաոիստ (եթե այդպիսիք այստեղ մի օր լինեն), պոպուլիստ, ստալինիստ, սոցիալիստ, լիբերալ, եվրոպամետ, ֆեմինիստ, հայ-ռուսական «սիրո» գաղափարախոս, «վերջապես պետություն ունենք» դիպվածի քարոզիչ, «կորչի Ռուսաստանը նրանց պատկերացրած պատմությունն արդեն գրված է ոչ իրենց ձեռքով» կամ «կորչի Ամերիկան» հրամայականներում դիրքավորվող ծաղրածու:
Միջին վիճակագրական հայ ինտելեկտուալն այս ամենն է պահի տակ: Ու նա հավասարապես վատ գիտի բոլոր այս գաղափարախոսությունները, հոսանքները: Վատ գիտի, քանի որ անձամբ սրանցից ոչ մեկի հիմքում չէ, քանի որ, իբրեւ փիլիսոփայություն, այս ամենը ծամում ու դնում են նրա բերանը: Նա թագավորում է պատեհության մեջ, նրա համար կարեւոր է, որ ցանկացած իրավիճակում երկրորդ ջութակից ավելին չլինի, քանի որ բավարար խելք չունի սեփական ճանապարհով քայլելու համար եւ բավարար խենթություն՝ առաջինը լինելու:
Այս ինտելեկտուալը կարող է ծիծաղել բոլորի վրա, որոնք համաձայն չեն իր հետ: Նա ծիծաղում է, որովհետեւ գիտի, որ խնդիրը առաջինը կամ վերջինը լինելը չէ, կարեւորը պատեհության պոչը բաց չթողնելն է։ Հենց պատեհության պոչը բռնելու կարեւորությունից է նա դառնում իշխանության բուրգի մի օղակը՝ աչքի չընկնել, համը չհանել եւ ամեն ինչում նրա հետ համաձայն լինել։
Նա ծիծաղում է, որովհետեւ պաշտպանված է «միջին վիճակագրական ինտելեկտուալ» մեծամասնությամբ, ծիծաղում է, որովհետեւ ժամանակին է կանգ առել՝ ի տարբերություն նրանց, որոնք պատրաստ են ավելի հեռուն գնալու։
Վերցրեք Փաշինյանի իշխանության գրեթե բոլոր դեմքերին: Ոչ ոք բավարար խենթություն չունի, ոչ ոք պատմությունից առաջ ընկած չէ, եւ ոչ ոք անձամբ պատրաստ չէ փրկելու կամ կործանելու այս երկիրը (Փաշինյանից բացի):
Նրանք պատեհության սիրասուն որդիներն են, նրանց տեսլականները կրել են պատրանքների բոլոր ավերիչ հետեւանքները, նրանք քայլում են մի երկրի միջով, որի այլընտրանքը մնացած ամբողջ աշխարհն է:
Նրանք գիտեն պատեհության անունը՝ իշխանություն, նրանք Հայաստանի անունը սովորել են ամենավերջում, երբ ամեն ինչ ունեն, որպեսզի այդ երկրին տան ցանկացած այլ անուն: Նրանց նվիրվածությունը քայլում է պատեհության միջով, որը նրանց սովորեցրել է տեսադաշտում պահել իշխանության ամբողջ հարմարավետությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎՀայ ինտելեկտուալի հավաքական կերպարը |
Իշխանությունը նրանց տեսադաշտում է եղել միշտ, նույնիսկ երբ ընդդիմություն էլ չէին: Նրանք չունեն բոլորի թշվառության ընկալումը, ճիշտ չէ այն պատկերացումը, թե նրանք Եվրոպան տարբերում են Ռուսաստանից կամ Պակիստանից: Տարբերելին նրանց դիրքավորումն է, որը վերցրել են պատեհության սկուտեղից: Այսօր այդ սկուտեղը քեզ մատուցում է ամերիկյան արժեքների խրախուսում, վաղը կմատուցի ռուսական արժեքների խրախուսում։
Թվում է, թե սա ոչ թե միջին վիճակագրական հայ ինտելեկտուալի, այլ սովորական հայ քաղքենու կերպարն է։ Բայց կա փոքրիկ տարբերություն։ Սովորական քաղքենին իր էությամբ է աննկատ, նա տարրալուծվող է, նա, այսպես ասենք, անուն, ազգանուն չունի, քաղքենին չունի պատրանքներ, քանի որ դրանք նույնպես գործողություն ու դիրքավորում են ուզում։
Միջին վիճակագրական հայ ինտելեկտուալը քաղքենի է խորքում, բայց ակտիվ քաղքենի։ Նա իր ներսի քաղքենու մրցակիցն է, որը չի սիրում «ճվալ ու գվալ»։ Նա սիրում է բղավել արժեքներ: Նա պետք է փողոց դուրս գա, նա պետք է գաղափարներ հռչակի, նա պետք է մատ թափ տա պատեհության մեջ։ Քաղքենին պատեհության ճաշակը չունի, նա միայն տեղավորվում է, կարճ ասած՝ քաղքենին ինքն իրեն չի ստեղծում, նա միշտ հոսանքի հետ է, քաղքենին երկրի անունը չգիտի ու չի էլ ուզում իմանալ, նա ինչ-որ մեկը լինելու «նախնական կապիտալ» չունի։
Մի քիչ էլ հեռու գնանք: Միջին վիճակագրական հայ ինտելեկտուալը բյուրեղացված քաղքենին է: Կարելի է ասել՝ ի տարբերություն քաղքենու, նա ապրելու ավելի առաջադեմ գործիքներ գիտի, ցինիզմի սրված զգացում, նա զգուշացված է սխալներից, որոնցից քաղքենին այնքան էլ ապահովագրված չէ ընդգծված անհատականության իսպառ բացակայության պատճառով:
Սովորական քաղքենին հոսանքի մեջ է, իսկ բյուրեղացված քաղքենին ինքն իրեն պատասխանատու է համարում հոսանքից չշեղվելու համար: Հենց բյուրեղացված քաղքենուց է սկսվում հարմարավետության լճացումը, քանի որ ի տարբերություն առաջադեմ ինտելեկտուալի, նա գիտի «կյանքի հասցեն», որտեղ ոչինչ չի սպառնում իր գաղափարներին, որտեղ «հարիֆներն» ավելի են ընդգծվում։
Բյուրեղացված քաղքենին իր վրայից եւ միջից մաքրել է բոլոր փորձությունները, որոնք բոլոր կողմերից նրան կարող են դարձնել նկատելի։ Ի տարբերություն սովորական քաղքենու՝ բյուրեղացվածի հենարանը ոչ թե ամբոխն է, այլ մեծամասնությունը։ Ահա ինչու նա ավելի հեշտ է դիրքավորվում ցանկացած գաղափարախոսության մեջ, քան սովորական քաղքենին։ Դիրքավորման համար նա ունի ամենաէականը՝ երկրորդ ջութակի զգացումը, որը նվագախմբի անքակտելի մաս է, բայց առաջին ջութակ չէ։ Սովորական քաղքենին իրեն հեշտ կկորցնի «նվագախմբի» մեջ, նա ավելի շուտ ծափահարողն է։
Բյուրեղացված քաղքենին աշխատում է իր վրա, մինչդեռ սովորական քաղքենին ինչ-որ իմաստով առաջնորդվում է հարմարավետության եւ անվտանգության բնազդներով։ Սովորական քաղքենին պատեհության կարիք չունի, քանի որ նա էությամբ ամբոխի մարդ է, բյուրեղացված քաղքենին ուշադիր է հենց պատեհության հանդեպ, քանի որ պատեհությունն ինչ-որ իմաստով անկրկնելի է, վաղը կարող է ուշ լինել։ Նա կարող է մերժել ամբոխին, բայց եթե ինքն արդեն մեծամասնության մեջ է։ Բյուրեղացված քաղքենին չի մերժում մարտահրավերը, այն նրան ավելի է բյուրեղացնում։ Դա նրան պետք է «հարիֆության» դառը համը չկորցնելու համար։
Այսպիսով՝ Հայաստանում այսօր գործ ունենք իշխանության հետ, որը փակեց վերջին 20 տարվա սովորական քաղքենու էջը։ Այս իշխանությունը ցույց տվեց, որ գոնե որոշակի պահից պետք է լինել նախաձեռնող՝ թեկուզ առանց ինքդ քեզ հաշիվ տալու, թե մյուսների վրա դա ինչ կնստի։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: