Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանազատման եւ սահմանագծման հարցերում։
«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը այդ միջադեպից հետո հայտարարություններ է արել՝ տեղի ունեցածը բացատրելով թյուրիմացությամբ եւ, ամենակարեւորը, սահմանի բացակայությամբ, որը սահմանազատված եւ սահմանագծված պետք է լիներ։ Այնտեղ ոչ ոք երբեք դրանով չի զբաղվել: Մենք կողմերին առաջարկել ենք, որ նրանք դրանով զբաղվեն։ Մենք պատրաստ ենք աջակցելու նրանց՝ քարտեզագրական նյութեր տրամադրելով եւ խորհրդատվական ծառայություններ մատուցելով»,- շեշտել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ մինչ օրս որևէ կրակոց չի հնչել, բախումներ չեն եղել։
«Հանգիստ նստել են, սկսել են պայմանավորվել, թե ինչպես է պետք այս իրավիճակը հարթել, մեզնից աջակցություն են խնդրել, մեր զինվորականները տրամադրել են, ձեռք է բերվել համաձայնություն։ Ես չեմ տեսնում կրքերը թեժացնելու անհրաժեշտություն այս բավականին հեշտ կարգավորվող հարցում»,- հայտարարել է նա։
Az News կայքն էլ գրել է, որ Սեւ լճի տարածքի շուրջ Բաքվի եւ Երեւանի սահմանային վեճը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դիրքորոշումների արդյունքն է:
Թերթի հոդվածագիրը պնդել է, որ 30 տարի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն օգտագործելով՝ Ադրբեջանն ու Հայաստանն իր ձեռքում պահող Ռուսաստանի համար անհրաժեշտ են նոր ճգնաժամային կենտրոն եւ առնվազն մեկ վիճահարույց հարց:
«Այնուամենայնիվ, եռակողմ պայմանագրերը եւ Ադրբեջանի՝ դիրքորոշումները պնդելը դժվարացնում է Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ ուժերի երկարաժամկետ ազդեցիկ ներկայության շարունակվելը»,- նշել է հոդվածագիրը:
«Հնարավոր է, որ Սերգեյ Լավրովը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանային գծանշման հարցի շուրջ դիրքորոշում է ընդունում Բաքվում Ադրբեջանի ցանկություններին եւ Երեւանում Հայաստանի ցանկություններին համապատասխան, ինչը երկու կողմերին էլ խրախուսում է պնդելու իրենց դիրքորոշումը,- ենթադրել է վերլուծաբանը՝ պնդելով,- Ռուսաստանը քաջատեղյակ է, որ Խորհրդային Միության տարիներին այդ շրջանը, լինելով վիճելի տարածք, ղեկավարվում էր համատեղ որոշմամբ: Եվ այսօր էլ հնարավոր է այդ տարածքները տարաձայնության առիթ դառնան»: