Կոնգրեսական դեմոկրատները բացահայտել են, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող ձեռնարկությունները վերջինիս նախագահության միայն երկու տարիներին 20 օտարերկրյա կառավարություններից առնվազն 7,8 միլիոն դոլարի շահույթ են ստացել։ Մինչդեռ ԱՄՆ Սահմանադրության «Օտարերկրյա վճարումների դրույթն» արգելում է ԱՄՆ նախագահին եկամուտ ստանալ օտարերկրյա կառավարություններից առանց Կոնգրեսի հավանության:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության եւ հաշվետվության հանձնաժողովի անդամ դեմոկրատ Ջեյմի Ռասքինը հունվարի 4-ին հայտարարել է, որ Թրամփը բազմիցս եւ միտումնավոր խախտել է ԱՄՆ Սահմանադրությունը՝ իր ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելով միլիոնավոր դոլարներ ընդունելու աշխարհի ամենակոռումպացված երկրներից` ներառյալ Չինաստանից։ Կոնգրեսականը շեշտել է, որ օտարերկրյա կառավարություններն այս վճարումները կատարել են արտաքին քաղաքականության ոլորտում նախագահ Թրամփից եւ նրա վարչակազմից հստակ օգուտներ ստանալու ակնկալիքով։
Հունվարի 4-ին հրապարակված 156 էջանոց հետաքննությամբ փորձ է արվել պարզելու՝ արդյոք Թրամփն իր պաշտոնավարման տարիներին հետապնդել է նեղ անձնական շահեր եւ չարաշահել պաշտոնեական դիրքը եկամուտ ստանալու համար։ Ըստ զեկույցի՝ Չինաստանի կառավարությունը եւ երկրի պետական կառույցներն այդ առումով առաջատար են. Թրամփին պատկանող երեք ձեռնարկություններում չինացիները ծախսել են 5,5 միլիոն դոլար։ Ցանկի երկրորդ հորիզոնականում Սաուդիան Արաբիան է՝ 616 հազար դոլար, երրորդում Կատարը՝ 465 հազար 744 դոլար, եւ չորրորդում Քուվեյթը՝ 300 հազար դոլար։
Ընդ որում, Թրամփին պատկանող ձեռնարկությունների հետ օտարերկրյա կառավարությունների գործարքները համընկնում են նույն երկրների եւ ԱՄՆ-ի միջեւ ծավալված քաղաքական որեւէ գործընթացի հետ։ Մասնավորապես, Financial Times-ը գրում է, որ չինական կողմի ծախսերն արվել են այն ժամանակ, երբ Թրամփը թուլացրեց Պեկինի հետ առեւտրային պատերազմը, իսկ արաբական կողմի ծախսերը համընկնում են Թրամփի՝ Սաուդիան Արաբիայի կառավարության հետ 110 միլիարդ դոլար արժողությամբ զենքի մատակարարման պայմանագրի ստորագրման հետ:
Ուշագրավ է, որ դեմոկրատ կոնգրեսականների բացահայտած 7,8 միլիոն դոլարը միայն մի մասն է այն եկամտի, որ Թրամփը հակասահմանադրական ճանապահով ստացել է իր պաշտոնավարման տարիներին, քանի որ հետաքննվել է Թրամփի կառավարման միայն երկու տարիները եւ նրան պատկանող 500 ձեռնարկություններից միայն չորսի եկամուտները։