Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ կյանքի է կոչվում ծրագիր, որով նախարարությունը փոխհատուցում է 16-30 տարեկան երիտասարդների կամ նույն տարիքի երիտասարդներից բաղկացած մինչեւ 5-հոգանոց խմբի անդամների ավիատոմսերի ծախսերը:
Ըստ կարգի՝ աջակցություն կտրվի երիտասարդներին կամ երիտասարդական ՀԿ-ների անդամներին, ինչպես նաեւ երիտասարդ մասնագետներին՝ կրթական, գիտական, մշակութային, մարզական եւ հանրային կյանքի այլ (առողջապահական, բնապահպանական) ոլորտներում կազմակերպվող միջազգային եւ երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված այլ միջոցառումների մասնակցելու համար:
Փոխհատուցումը կտրամադրվի բացառապես այն դեպքերում, երբ միջոցառումների խորագրում շեշտադրված է դրանց երիտասարդական բնույթը կամ երիտասարդների՝ առաջնային թիրախ լինելու հանգամանքը: Ծրագրին հնարավոր է դիմել ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 614-Ա/2 հրամանով հաստատված կարգի համաձայն, որում կատարվել են փոփոխություններ: