Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հունվարի 6-ին Սուրբծննդյան եւ Աստվածահայտնության տոների առթիվ հայրապետական պատգամ է հղել։ Նա նշել է, որ հայ ժողովուրդը պետք է նախանձախնդիր լինի հայրենի պետության հզորացման հարցում եւ համախմբվի իր ամբողջ ներուժով` կասեցնելու համար Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ոտնձգությունները։
Կաթողիկոսն ընդգծել է, որ հայ ժողովուրդը 21-րդ դարում վերստին կրեց կորուստներ, ենթարկվեց նոր փորձությունների, որոնք, ցավոք, անկարող եղանք հաղթահարել աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների պատճառով։ Նա նշել է, որ բարությունը վերածվել է չարության, արդարությունը՝ կողմնակալության ու հաշիվները մաքրելու։ Ճշմարտությունը վերածվել է ստի ու չարամիտ գործողությունների։
Գարեգին Բ-ն վստահ է, որ նման արատները պատճառ դարձան մեր ազգի մասնատման, ուժերի ջլատման ու պարտությունների համար։ «Արցախը միայնակ մնաց իրեն պատած արհավիրքների օրերին։ Արցախցի հայորդիք եղան հալածական հայրենի բնօրրանից, աստանդական եւ անօթեւան»,– ասել է կաթողիկոսը։
Դիմելով Արցախից բռնի տեղահանվածներին՝ կաթողիկոսը կոչ է արել չհուսահատվել եւ ապավինել Աստծուն։ «Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար»,–ասել է Գարեգին Բ-ն։
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում հայ ժողովուրդը պետք է միասնական պայքարի ու վերացնի արհեստականորեն ստեղծված անջրպետները, կառուցի խաղաղ, բարեկեցիկ ու ապահով ապագա։