Տոնական օրերն ավարտվեցին: Մեկ ամսից ավելի ազգովին ինքնամոռաց վազքի մրցույթ էինք հայտարարել՝ տնից խանութ, խանութից տուն:
Ոմանց ոգեւորում էր ամենալավ սեղան ունենալու, ոմանց հարազատ-բարեկամին տեսնելու, շփվելու, ոմանց էլ հանգստանալու միտքը:
Շիրակի մարզում դեկտեմբերի 31-ի գիշերը 4 հոգի հրավառություն անելիս տարբեր աստիճանի վնասվածք են ստացել, նոր տարվա առաջին ժամերը Գյումրու բժշկական կենտրոնում անցկացրել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎՀրավառության ու պայթուցիկների պատճառով քաղաքացիներ են վնասվել |
«Այս օրերին ոչինչ չի ուտվում» խոսքը ցիտելով՝ մեկ ամսվա առեւտուրը մի երկու օրում սպառելուց հետո աշխատանքի գնալու օրը վրա հասավ:
Հոգնած, նեղված, «նոր տարվանից ոչինչ չհասկացած» մարդիկ աշխատանքի գնացին՝ ֆիզիկապես աշխատավայրում, հոգեպես առատ սեղանների շուրջը տոնը շարունակելու անհույս հույսով:
Հոգեբանական գիտությունների դոցենտ Հայկուհի Կնյազյանն ասում է՝ «հետտոնական դեպրեսիա» հասկացություն հոգեբանության մեջ չկա: Կա «դեպրեսիա» ախտորոշում, որը տոնի հետ կապ չունի: Տարածված արտահայտությունը զուտ տրամադրության անկումն է բնորոշում, որը նկատվում է գրեթե բոլոր տոներից հետո: «Երկար նախապատրաստվելը եւս առիթ է դառնում, որ հույսերը չարդարանան, նաեւ շատ ֆինանսական ծախսեր ենք անում, հետո ճնշվածություն ունենում»:
Հոգեբանը տխրելու եւս մեկ առիթ էլ հանգստի համար նախատեսված օրերի թիվն է համարում: Չի հերքում, որ երկարաժամկետ հանգիստը նույնպես ճիշտ չէ, քանի որ հանգստի ռեժիմի մեջ կընկնենք, բայց այսքան վազքի մեջ երեք օրը լիարժեք հանգստանալու համար, հատկապես կանանց դեպքում, քիչ էր:
Ի՞նչ անել, որ աշխատանքի ռեժիմի մեջ հնարավորինս արագ մտնենք. Հայկուհի Կնյազյանը խորհուրդ է տալիս հրաշքների իրականացումը չկապել մեկ օրվա հետ: Հարկավոր է նպատակներ ու երազանքներ սահմանել ամբողջ տարվա համար: Ըստ հոգեբանի՝ դրական բան կա նրա մեջ, որ շուտ ենք աշխատավայր վերադարձել. տոնը կնշենք եւս մեկ անգամ գործընկերների հետ, բայց այս դեպքում կենցաղային գործերից զերծ կլինենք:
Տոնական ուտեստների եւ խմիչքի, օրվա ռեժիմի փոփոխության պատճառով տարվա առաջին օրերին Գյումրու բժշկական կենտրոն շատացել է խրոնիկ հիվանդություններ ունեցողների հոսքը: Այս մասին «Ալիք Մեդիային» տեղեկացրեց կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: Դիմողները հիմնականում սիրտ-թոքային, հիպերտոնիկ հիվանդություն ունեցողներն են:
Ախուրյան խոշորացված համայնքը ձեւավորվել է գյուղական երեք տասնյակ բնակավայրերի միացումից, վարչական աշխատողների հիմնական մասն էլ գյուղական բնակավայրերից են:
Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուրեն Աբրահամյանը 200-ից ավելի աշխատակիցներին բնականոն աշխատանքի վերադարձնելու միակ ձեւը սեփական փորձով օրինակ ծառայելն է համարում:
Սակայն խնդիր է առաջ քաշում. ասում է՝ գյուղերում եւ քաղաքներում տոները խիստ տարբեր են նշում: Եթե քաղաքի բնակիչը աշխատանքային ցանկացած օրվա ավարտին կարող է իրեն տոն պարգեւել՝ հաճախել ժամանցի, զվարճանքի, զարգացման վայրեր, գյուղերում այլ է. աշխատանքային օրվա ավարտը ոչ մի կերպ ու ոչնչով հագեցնել չի լինում: Մարդիկ սպասում են տոներին, որ փոքր-ինչ այլ գույներով ներկեն միապաղաղ օրերը, բայց երեք օրում գրեթե ոչինչ չեն հասցնում:
«Խնդիրները, սակայն, լուծելու համար են»,- ասում է Սուրեն Աբրահամյանն ու վստահեցնում, որ հաջողվել է աշխատակազմին աշխատանքային ռիթմի մեջ դնել:
Բավարա՞ր է երեք օրը Ամանորը տոնելու համար, կարծիքները խիստ տարբեր են, բայց որ չափավորությունն ամեն հարցում պահել է պետք, համամիտ է մեծամասնությունը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։