Ադրբեջանի կառավարության Իսրայելի գծով խորհրդական եւ Բաքվի միջազգային բազմամշակութային կենտրոնի ղեկավար Արիե Գուտը Բաքվին կոչ է արել Հայաստանի դեմ հայցով դիմելու միջազգային դատարան եւ հայերից վրեժ լուծելու համար սիոնիզմի նման շարժում ստեղծել:
Արիե Գուտը կանադական Thej.ca կայքին տված հարցազրույցում ասել է, թե «հայերը իրենց վայրագության, ահաբեկչության ու ցեղասպանության եւ մեկ միլիոնից ավելի ադրբեջանցիների իրենց հողերից վտարելու համար պատասխան պետք է տան որպես պատերազմական հանցագործներ»:
Ըստ «Ազար Թաջ»-ի՝ Արիե Գուտը հայերին մեղադրել է եղած-չեղածը ոչնչացնելու մեջ. «Այս հողերը, որոնք ավերակների են վերածվել, նման են պատմության մեջ մնացած կայսրության մնացորդների: Աղդամը, Ֆուզուլին, Ջաբրաիլը եւ Զանգիլանը ոչնչացվեցին հայկական օկուպացիայի ընթացքում եւ վերածվեցին մղձավանջների»: