Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) ռիսկերի նվազեցման նպատակով հավատարմագրել է նավթամթերքի լաբորատորիան: Դրա արդյունքում ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի ոլորտում նվազել են անվտանգության ցուցանիշների խախտման դեպքերը: Դրա մասին 2023 թվականին իրականացված աշխատանքները ամփոփելիս նշել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:
Մասնավորապես նա նշել է, որ ավտոմոբիլային բենզինի անվտանգության ցուցանիշների խախտումների տեսակարար կշիռն ընդհանուր փորձաքննությունների մեջ 2023-ին եղել է 2% (166 փորձանմուշից՝ 3-ում), դիզելային վառելիքի մասով՝ 38% (92 փորձանմուշից՝ 35-ում):
Կոտոլյանը հավելել է, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում կատարվել են լրացումներ, ըստ որոնց՝ թերլցման դեպք հայտնաբերելիս ՇՎՏՄ–ն մեկ ամիս ժամկետով փակցնում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ: Իսկ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են չափագիտության բնագավառում իրենց մոտ անցկացված նախորդ ստուգումների արդյունքների մասին տեղեկություն պարունակող QR կոդեր ունենալ, որը սպառողին հնարավորություն կտա պարզելու տվյալ լցակայանում անցկացված բոլոր ստուգումները:
Ռիսկերի նվազեցման նպատակով ձեռք է բերվել հեղուկացված ածխաջրածնային գազերի լաբորատոր սարք (խրոնոգրաֆ), եւ աշխատանքներ են տարվում հեղուկացված ածխաջրածնային գազերի լաբորատորիայի հավատարմագրման ուղղությամբ:
Տեսչական մարմնի ղեկավարը նշել է նաեւ, որ շուկայում որակական վերահսկողության նպատակով 2023 թվականին հավատարմագրել է թանկարժեք մետաղների լաբորատորիա, 2024-ին նախատեսվում է ձեռք բերել եւ հավատարմագրել խաղալիքների լաբորատոր սարքավորումներ:
Ըստ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2023 թվականի ընթացքում խախտումների հիմքով նշանակված տուգանքի չափը եղել է 207 միլիոն 579 հազար ՀՀ դրամ:
ՇՎՏՄ-ն վերահսկում է տնտեսության 32 ոլորտներում, մասնավորապես՝ խաղալիքների, ավտոգազալիցքավորման ճնշակայաններ, չափումների միասնականություն, ավտոմոբիլային բենզին եւ դիզելային վառելիք, հեղուկացված ածխաջրածնային գազեր, օծանելիք եւ կոսմետիկ արտադրանք, երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանք, թանկարժեք մետաղների ոլորտ, ծխախոտային արտադրատեսակների ոլորտ եւ այլն: Տեսչական մարմնի նպատակն է նշված բնագավառներում անվտանգության եւ օրենսդրության պահանջների պահպանման ապահովումը: