ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին ի պատասխան նշել է, որ ուշադրությամբ ուսումնասիրել է նշված խնդիրները եւ դրանք ներկայացրել ԵԱՀԿ համապատասխան կառույցներին:
«Ես շարունակում եմ հետեւել իրավիճակին եւ այս ու հարակից հարցերի վերաբերյալ կապի մեջ եմ Մինսկի խմբի համանախագահների ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Տեղյակ եմ, որ այս խնդիրները քննարկել եք նաեւ գործող նախագահ Անն Լինդեի հետ մարտին Երեւան կատարած նրա այցի ընթացքում»,- նշել է Հելգա Շմիդը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շեշտել է, որ Մինսկի խմբի համանախագահները 2021-ի ապրիլի 13-ին տարածած հայտարարության մեջ անդրադարձել են նաեւ Արմեն Սարգսյանի նամակում նշված հարցերին: Համանախագահներն ընդգծել են, որ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ` դեռեւս գոյություն ունեցող մտահոգությունները փարատելու եւ երկարատեւ խաղաղությանը նպաստող փոխադարձ վստահության մթնոլորտ ձեւավորելու համար:
«Այդ համատեքստում համանախագահները մատնանշել են բոլոր ռազմագերիների եւ կալանավորված այլ անձանց վերադարձի հետ կապված խնդիրները` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների: Նրանք, ինչպես եւ ես ու ԵԱՀԿ մյուս պաշտոնյաները, շարունակելու են հետեւել եւ բարձրացնել այս հարցը: ԵԱՀԿ ինստիտուտներն ու կառույցները ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում ծրագրված աշխատանքների միջոցով արդեն իսկ սերտորեն համագործակցում են Հայաստանի հետ»,- ընդգծել է Հելգա Մարիա Շմիդը:
«Հույս ունեմ որպես ԵԱՀԿ գլխավոր քարտուղար իմ պաշտոնավարման ընթացքում զարգացնել եւ առավել ընդլայնել այս համագործակցությունը»,- հավելել է Շմիդը իր նամակում: