26 տարի առաջ այս օրը ճակատագրական էր Հայաստանի համար։ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ՆԳ նախարար Սերժ Սագսյանը եւ Արցախի այդ ժամանակվա ղեկավարները փաստորեն մերժեցին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հակամարտությունը խաղաղ, փոխզիջումների ճանապարհով լուծելու առաջարկը։
Ամփոփիչ ելույթում Տեր-Պետրոսյանն առանձնացրել էր նիստի ընթացքում իր ընդդիմախոսների հնչեցրած հակափաստարկները, որոնց նա պատասխանեց, ինչպես հետագայում դեպքերի ընթացքը ցույց տվեց, անհերքելի փաստերով։
Ի՞նչ էր ասում Ռոբերտ Քոչարյանը
Շրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա։ Ամեն ինչ կախված է կառավարության աշխատանքի ճիշտ կազմակերպումից եւ ուժերի մոբիլիզացիայից։
Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտ չէ արտասահմանյան ներդրումների համար։ Ներդրումների հոսքի ապահովումը կախված է ակտիվ ու լայնամասշտաբ մարկետինգային քաղաքականությունից, մասնավորապես ինտերնետի հնարավորությունների մաքսիմալ օգտագործումից։
Հայաստանի բյուջեն կարելի է երկու-երեք անգամ մեծացնել՝ պայքարելով ստվերային տնտեսության դեմ եւ խստացնելով հարկերի հավաքման պրոցեսը։
Սփյուռք-Հայաստան հարաբերությունների սերտացման դեպքում Սփյուռքից կարելի է ստանալ տարեկան 400–500 միլիոն դոլարի օգնություն։
Արտագաղթն այլեւս չի սպառնում Հայաստանին, եւ ընդհակառակը՝ արդեն դիտվում են ներգաղթի միտումներ։ Դրա ապացույցն է այն, որ եթե անցյալ տարի դպրոցներում երեք-չորս առաջին դասարաններ էին բացվում, ապա այս տարի բացվել են վեց-յոթ դասարաններ։
Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ կարելի է զարգանալ նաեւ մեկուսացման պայմաններում։
Իսկ ի՞նչ էր ասում ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ նիստից երկու տարի առաջ՝ 1996 թվականին։
Տեսանյութը պահպանվում է «Ֆակտում» փաստագրական կենտրոնի արխիվում։ Տեխնիկական թերությունների համար հայցում ենք կայքի ընթերցողների եւ «Յութուբի» մեր ալիքի օգտատերերի ներողամտությունը։