ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը չի հավակնի երկրորդ ժամկետի եւ դուրս կգա նախագահական մրցապայքարից: Նման կանխատեսում է արել ամերիկյան JPMorgan ֆինանսական հոլդինգի գլխավոր ստրատեգ Մայքլ Ջամբլաստը։ Դրա մասին գրում է Express-ը։
Վերլուծաբանը կանխատեսել է, որ Բայդենը կհանի իր թեկնածությունը այսպես կոչված «սուպեր երեքշաբթիից» հետո, երբ նահանգների մեծ մասում անցկացվում են փրայմերիզներ եւ համակիրների հավաքներ։ Նա հիշեցրել է, որ այդ քաղաքական իրադարձությունը Միացյալ Նահանգներում սովորաբար տեղի է ունենում տարվա առաջին եռամսյակում:
Մայքլ Ջամբլաստի համոզմամբ՝ Սպիտակ տան առաջնորդը հրապարակային հայտարարության մեջ իր որոշման պատճառների շարքում կթվարկի նաեւ առողջական վիճակի վատթարացումը։
Դրանից հետո, նշել է Ջամբլաստը, Բայդենը Դեմոկրատական կուսակցությանը թույլ կտա ընտրել, թե ով կփոխարինի իրեն 2024 թվականի ընտրություններում։
Բացի դրանից՝ ստրատեգն ընդգծել է, որ ԱՄՆ 46-րդ նախագահի վարկանիշը մշտապես ընկնում է արտաքին եւ ներքին քաղաքականության սխալների հետեւանքով։ Նա, մասնավորապես, հավելել է, որ վերջին 4 տարիների ընթացքում աշխատատեղերի թիվը Նահանգներում նվազել է 10%-ով։