Լուի Բոնոյի հարավկովկասյան բանակցությունների ֆոնին պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, թե պատրաստ է աջակցելու ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին։ Դրա մասին հունվարի 8-ին հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը:
ԱՄՆ պետքարտուղարությունից արձագանքել են ավագ խորհրդական Լուի Բոնոյի՝ հարավկովկասյան այցելության նպատակների ու սպասումների վերաբերյալ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության գրավոր հարցմանը: Նշվել է, որ ավագ խորհրդականը հաճախ է մեկնում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին եւ թե ինչպես լավագույնս հասնել տեւական ու արժանապատիվ խաղաղության:
«Պարոն Բոնոն պարբերաբար խոսում է Հայաստանի եւ Ադրբեջանի առանցքային մի շարք ներկայացուցիչների հետ՝ աջակցելու խաղաղ գործընթացին: Պատրաստ ենք աջակցելու ցանկացած գործընթացի, որը խաղաղություն եւ կայունություն է բերում Հարավային Կովկասի ժողովուրդներին»,- նշված է հաղորդագրության մեջ: